Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/22

Այս էջը սրբագրված է

տեղ մը պարպված են և կռնակ դարձուցած Արարատին տեղ մը կրավորական և համակերպող, ուրիշ տեղ մը բոցաշունչ, վճռական ու նաև տեսլապաշտ։

Քանիերորդ անգամ ըլլալով հանդիպեցա այդ բոլորին, այդ բոլորին պատմեցի իմ այս ամառվան ուխտագնացությունս, որ նվեր մըն Էր ինծի ընկերոջս՝ Կարպիսին կողմե ու թեև այս ճամփորդությունը ինծի տվավ ուրախության անկրկնելի պահեր, տվավ նաև տառապանք, մինչև ոսկորներուս հետին բջիջը կոտտացող տառապանք։

Մասիս, եկուր համաձայնինք, Իսթանպուլի մասին ուրիշ օր մը պատմեմ տեսածներս, այսօր խոսինք միայն Վանի մասին, Վանի շրջակայքին մասին, Վանա ծովուն ու ծովահարս Աղթամարի մասին։

Այս Մասիսը, որ վանեցի չէ, այս Մասիսը, որ ապրած է Հունաստանի որբանոցներուն մեջ, կորսնցուցած է երեք եղբայր և երկու քույր, հայր ու մայր ու հիմա կչափչփե Փարիզի մայթերը, վաթսունը քիչ մը անց է արդեն.— «Այս մայթերուն վրա ճերմկցանք, ով է պատճառը։ Ըսե, ո՞ւր է մայրս, հայրս, եղբայրներս ու քույրերս ո՞ւր են, ո՞ւր կերթան մեր զավակները, ըսե՜, ո՞ւր։ Ելեր ինծի օդանավին մեջ հանդիպածդ թուրք աղջկան պատմությունը կպատմես, կատվին կաթ բերած է եղեր, անուշ աչքեր ունի եղեր, անուշ ձայն...»։

— Բայց, Մասիս, ընդունե, որ թուրքերը շատ մը հայեր ազատած են։ Օրինակ ազատած են իմ ընկերոջս՝ Կարպիսին ընտանիքը։

— Տասը ազատած են։ Ոսկիով։ Տասը հազարը ջարդած։

— Բայց դուն թուրքերուն առաջադիմության հավատացող մը չես։

— Հավատացող մը չեմ։ Շատ լավ գիտեմ, որ Ամերիկայի դրամով մինչև ատամներ կզինվին։ Շատ լավ գիտեմ, որ Սովետներու օժանդակությամբ հսկա ֆապրիքներ կկառուցվին Թուրքիո մեջ, քիչ մը ամեն տեղ։

— Այդ չէ բոլորը։

— Ըսե, տեսնենք բոլորը։

— Կամաց խոսե— շոգեկառքին մեջ ենք,— մարդիկ մեզի կնային։