Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/23

Այս էջը հաստատված է

Շոգեկառքը մեզ Քոլոմպեն Փարիզի Սեն Լազար կայարանը կբերեր: Մասիս զսպվիլ չէր ուզեր:

- Լավ, լավ, ահա հասանք արդեն: Այս գիշեր քեզ տուն չեմ ձգեր, մինչև որ պատմես բոլոր տեսածներդ Վանեն մինչև Իսթանպուլ և Փարիզ: Մերինները արձակուրդի են, դուն ալ արդեն առանձին ես ու քեզի սպասող չկա: Եթե կուզես, կնստինք տեղ մը, եթե կուզես քալելով կլուսցնենք: Մեկ խոսքով ազատում չունիս ձեռքես:

Ու մենք լուսաստղին հետ բաժնվեցանք իրարմե:

Բաժնված պահուս Մասիս ատամները կրճտելով գնաց, բայց չմոռացավ պատվիրելու, որ գրեմ այս բոլորը:

Ահա կգրեմ:

* * *

Զիս զարմացուցին Իսթանպուլի ցուցափեղկերը, ճանլը ձուկերը, մանավանդ գրատուները և գավառի 5-6 տարեկան տղաքը, որոնք գիտեին ծխել, այսինքն կծխեին ու մեզմե, զբոսաշրջիկներե անդադար սիկարեթ կխնդրեին:

Գրատուներու մասին խոսիմ, Մասիս, լավ լսե նորեն. գիտցիր, որ թուրքը զարթոնք մը կապրի ու այդ զարթոնքը հատկապես զգալի դարձած է վերջին տասնամյակին: Ու այդ զարթոնքը կկարդացվի Իսթանպուլի և Անգարայի գրատուներու ցուցափեղկերեն, այսինքն հոն կգտնես աշխարհի գրականության լավագույն գրեթե բոլոր երկերը Հեմինկուեյեն մինչև Եսենին, ֆրանսացի դասականներեն մինչև ռուս դասականները, համրե ինչ անուն որ կուզես,- Զոլա, Մոփասան, Տոտե, Տոսթոևսքի, Թոլսթոյ, նորեն Մորուա, Քամյու, մինչև ավելի նորերը:

Սա գիտե՞ս ինչ կնշանակե, Մասիս, հերիք է ջայլամի քաղաքականություն վարես: Հանե գլուխդ անապատի ավազեն,— կբավե, որ հարազատներդ այնտեղ թաղեցիր,— և դիտե շուրջդ ու տես: Լալ ու ատամներ կրճտելը մեկդի դիր:

Թաքսիմի հրապարակին վրա պաղ ջուր մը խմեցի ջուր ծախող տղեկի մը բաժակեն: Ինչ անուշ տղաք են մայթերու վրա ջուր ծախող սա տղաքը, որոնք կանուխեն իրենց ուսերուն կզգան ընտանիքին օգնելու դժվարությունը: