Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/24

Այս էջը հաստատված է

Վանի մեջ Պեշքարտաշ օթելին դիմացը, մայթին վրա կեցա պահ մը։ Երկու կոշիկ ներկող տղաք իրարու հետ կռիվ կընեին։ Լեզվակռիվ։ Մեկը կըսեր.

— Հինգ լիրաս կերար։

— Ծո, դուն ով ես, որ հինգ լիրա ունենաս։

— Առտվնե ի վեր կաշխատիմ, շահած էի։

Մոտեցա և կոշիկս ներկել տվի լացող տղուն։

Աչքերը սրբեց։ Ծայրեն պատմեց պատմությունը։ Երկու լիրա տվի իրեն։ Հազար աղոթք ըրավ ու քովինին դառնալով․

— Դուն չտաս, Աստված կղրկե։ Ահա այս պեյը երկու լիրա տվավ, քիչ մըն ալ կաշխատիմ ու կհանեմ այդ դրամը, քու առնելիքդ թող ըլլա...

* * *

Ամիսներ անցած են այն օրեն ի վեր, ամիսներ։ Ու ես չեմ կրցած մտորումներս հանձնել թուղթին հակառակ Վանի հաճախանքին, հակառակ անոր, որ երբ լեռ մը տեսնեմ՝ կհիշեմ Վարագն ու Սիփանը, ջուր մը տեսնեմ՝ կհիշեմ Վանա ծովը, վանք մը տեսնեմ՝ կհիշեմ Նարեկա վանքի կանգուն մնալ համառող միակ հաստ պատը...

Քուն թե արթուն՝ Վասպուրական աշխարհն է աչքիս առջև։

Աս ամիսներու ընթացքին դարձյալ անցա շատ երկիրներե․ Փարիզի մեջ հանդիպեցա վասպուրականցիներու, որոնք արցունքոտ աչքերով լսեցին պատմածներս, Երևանի մեջ հանդիպեցա վասպուրականցիներու և ոչ վանեցիներու, որոնք աչքերս կհամբուրեին հիսուն տարվան կարոտը առնելու համար Այգեստանեն, Արտամետեն, Շուշանցեն, Բեյրութի մեջ հանդիպեցա վանեցիներու, Դամասկոսի մեջ, Հալեպի մեջ ու այսպես ամեն տեղ գտա՝ թե ամեն հայու սիրտին մեջ Վան մը կա, ամեն հայ քիչ մը վանեցի է, ամեն հայ Վանը կերազե, հայոց հին մայրաքաղաքը, որ այսօր Թուրքիո արևելյան քաղաքներեն մեկն է, մեծ մասամբ քուրտերե բնակված։

Պատմե, պատմե, պատմե։ Ուր որ գացի կըսեին պատմե․ կուզեին իմանալ ամեն մանրամասնություն, կորսված Երկրի ամեն նշխար սրբության նման կճաճանչեր, կվերականգնվեր, կվերագտնվեր։