Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/25

Այս էջը սրբագրված է

Գրե, գրեց ինծի հեռավոր Եվրոպայեն Կարպիս, գրե ու թող ամեն վանեցի ու թող ամեն հայ իր կուրծքին տակ զգա Վանը, թող ամեն հայի սիրտ տաղվի կորսված քաղաքի մը շքեղությամբ, ու թող ամեն հայ իմանա արժեքը իր կորսնցուցածին ու արծարծվի մեր նախահայրերուն ժառանգին վերատիրանալու կամքը։

Այսքան ծանր պարտականություն ինչպես կատարել։ Սովորական թուրիսթի աչքը մը չէր իմս, որ թուղթին կարենայի հանձնել տպավորությունները անցորդի մը։ Խտացած ապրումներ էին, այդ էր պատճառը, որ օրեր եղան, շաբաթներ, շաբաթները վերածվեցան ամիսներու, ու այս ծանր բեռը ես կրեցի ինձմե ներս, չկրցա հանձնել թուղթին, մասնակից ընել ընթերցողը իմ պտույտներուս, ապրումներուս, հայ հողին առջև, հայ ջուրին առջև, հայ կոթողին առջև, հայ կորուստին առջև։

Այսօր ալ, երբ գրիչս իր թմբիրեն ելած, խոհերուս գծած շավիղներեն կքալե, սիրտիս մեջ վախ մը կա, կարևորը չկարենալ ասելու վախը, Կարպիսին իմ վրաս դրած պարտականությռւնը կատարելու անզորության վախը։

Ներեցեք, վանեցի եղբայրներ, ներե ինծի, հայ մարդ, եթե գրիչս ըլլա տկար, հարազատորեն ներկայացնելու Վասպուրական աշխարհի սիրտը՝ Վանը, այսօր, զայն կորսնցնելեն հիսուն տարի վերջ, այնպես ինչպես կա, այնպես ինչպես տեսա։

Իսթանպուլեն պիտի բարձրանար օդանավը Անգարայի ուղղությամբ։ Ընկերս իր բարեկամին՝ Լռուային հետ իրենց տոմսերը ապահոված էին։ Ես տոմս չունեի։

Իսթանպուլ֊Անգարա թռիչքի տոմս մը ապահովելը մղձավանջի մը նման նստած էր մեջս և զիս կնետեր Եշիլքեոյի օդանավակայանին մեկ պաշտոնյայեն մյուսը։ Թռիչքին մնացած էր միայն հինգ րոպե ու տեղ չկար օդանավին մեջ։ Թուրք գեղադեմ տոմսավաճառուհիեն իրենց լեզվին իմ ամբողջ իմացությունս հանրագումարի բերելով կխնդրեմ տոմս մը այդ թռիչքին համար։ Չկա, կըսե, պարոնս, տեղ չկա։ Եթե ըլլար երբեք պիտի չուզեի ձեզ այդպես նեղված տեսնել. տեղ չկա, ինչ կա որ, Պոլիսը այնքան գեղեցիկ է, որ կրնա օրերով, գիշերներով ձեզ զվարճացնել, վերադարձեք պանդոկ, հիմա