Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/26

Այս էջը սրբագրված է

ձեզի համար կպատրաստեմ տոմս մը ու վաղը կթռչիք, ինչ կա որ, մանավանդ կըսեք, թե գործով չէ, որ կմեկնիք Անգարա, թուրիսթ եք։

— Անգարայեն ալ կուզեմ շարունակել մինչև Մալաթիա, Տիարպեքիր, Վան։

Անօգուտ է ամեն խնդրանք։

Տասը տոլար մը կերկարեմ աղջկան.— Այս պահեցեք որպես հիշատակ կըսեմ, անուշ օրիորդ, այս պահեցեք հիշատակ, միայն բարեկամներուս հետ մեկնիմ, առանձին չմնամ։

— Տասը տոլարը ձեզի պահեցեք, անուշ պարոն, ահա ես ձեզի տոմս մը կգրեմ, Իսթանպուլ֊Վան, Անգարայի մեջ պիտի փոխեք օդանավը, բայց կրնա ըլլալ, որ Իսթանպուլ֊Անգարա գիծին վրա, այս օդանավին մեջ հարմար տեղ մը չունենաք, անկե անդին հանգիստ կնստիք, քանի այսքան անհրաժեշտ Է ձեր մեկնումը, ահա...

Օրիորդին վերջին խոսքերը չլսեցի, թե ինչպես վճարեցի տոմսին գինը, տասը տոլարը վերստին գրպանս դնելով ու ինչպես օդանավ բարձրացա ճիշտ սանդուխներուն օդանավեն հեռանալեն մեկ վայրկյան առաջ չեմ հիշեր։

Լռուան և Կարպիսը, երբ զիս տեսան իրենց մոտ, զարմացան։

Ափսոս հիշատակ մը չկրցա թողուլ թուրք աղջկան։

Օդանավը դեպի Անգարա ուղղություն վերցուր Իսթանպուլի ծովերուն որպես հայելի նայելե վերջ։ Կարպիսը բացած Էր կծիկը Հայոց պատմության, ֆրանսացի բարեկամին մտքին մեջ հյուսելու համար իրավ պատկերը մեր ժողովուրդին. այս ֆրանսերեն խոսակցությունը ես չէի լսեր, հոգիիս դռները փակ էին արտաքին աշխարհի առջև, խորասուզված էի ներաշխարհիս մեջ, միայն ուղեղիս անթենները ինձմե ներս կընդունեին բառերու անկապ ծվեններ։ Կարծեք ոչ թե Վան կերթայի, այլ Հայոց պատմության իմ դասերուս, աչքերուս առջև Հայկ նահապետն էր, տապալած Բելը, Նյուքար իշխանը գամված իր ճակատեն Արմավիրի աշտարակին վրա, Արա Գեղեցիկը, Սոսյաց անտառը, Անուշավան... Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի և զառավոտն Նավասարդի...

Արդյո՞ք երազ չէր տեսածս։ Արդյո՞ք օդանավը զիս կտաներ դեպի այն հողը, ուր հազարամյակների պատմություն