Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/33

Այս էջը սրբագրված է

Մարաշ կոչվող մայրուղին մեզ հասցուց քաղաքին կենդրոնը գտնվող Պեշքարտեշ հյուրանոցը։

— Տոքթոր պեյ, դուք ֆրանսացի չե՞ք։

— Ո՛չ, ինչպես անցագիրս ցույց կուտա, սուրիացի եմ։

— Ուրեմն մեզմե կսեպվիք, կերևի մուսուլման եք։

— Դրացիները միշտ իրարու հետ լավ ըլլալու են, ու մենք՝ սուրիացիներս, դրացի ենք ձեզի, մեզ իրարմե կբաժնեն, կամ ավելի ճիշտը մեզ իրարու կմիացնեն Թորոսի լեռները...

— Օ, այո՜, մենք այդ լեռներուն Կյավուր Տաղլարը ալ կըսենք։ Բացատրեցեք խնդրեմ, տոքթոր պեյ, մեր ֆրանսացի հյուրերուն, թե անցագրերը վաղ առավոտ կստանան։

— Շատ լավ։

Որոշվեցան սենյակները։

Հինգ հարկանի հյուրանոցի մը մեջ ենք, որուն տերերը հինգ եղբայրներ են և այդ իսկ պատճառով իրենց հիմնարկը կոչած են «Հինգ եղբայրներ, Պեշքարտեշ» հյուրանոց։

Փոքր սենյակներ։ Քիչ, բայց կոկիկ կահավորումով։ Տաք և պաղ ջուր, լոգանքի ցնցուղ, հանդերձակալ ու լայն պատուհաններ։

Ամեն մեկս տեղավորվեցանք մեր սենյակին մեջ։

Մի քանի րոպե միայն կրցանք դիմանալ մեր սենյակներուն մեջ։ Վանդակի մեջ դրված, ազատազրկված առյուծ մըն Էր սիրտս, որ կուզեր քանդել ու տեսնել Վանը, պտտիլ ամբողջ քաղաքը և իմանալ ուր ինչ կա։

Դուրս կելլեմ։ Անտես զսպանակե մը մղված՝ դուրս ելած է նաև Կարպիս։ Միայն Լռուան հանգիստ երկարած է իր մահճակալին վրա. ու երբ ձայն տվինք, ներսեն մեղմ պատասխանեց.

— Ես պիտի հանգստանամ։ Ինծի ձայն տվեք երեք ժամ վերջ։

Երրորդ հարկի մեր սենյակներեն իջանք վար։ Պանդոկին սպասյակները համակ ժպիտ էին, նույնպես պանդոկատերը։

— Ինչպե՞ս ընենք, որ ձեր արձակուրդը լավ անցնի։ Քանի՞ օր պիտի մնաք։ Գաղափար ունի՞ք շրջանի մասին։ Ո՞ր տեղերը կուզեք պտտիլ։

— Ամենեն առաջ կուզենք օթո մը ունենալ մեր տրամադրության