Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/34

Այս էջը սրբագրված է

տակ. վերջը կորոշենք մեր քանի օր մնալը։ Միայն գիտցեք, որ երկու օր վերջ մեր բարեկամներեն երկու հոգի ևս պիտի ունենանք այստեղ, ուրեմն կխնդրենք, որ երկու սենյակ ևս պահեք մեր ընկերներուն համար։

— Աչքիս վրա։ Ֆրանսացի՞ են։

— Այո։

— Եթե այո, կրնա՞ք Իսթանպուլեն հեռախոսի այս թիվը ուզել, կուզենք ձեր բարեկամներուն հայտնել, թե իրենց սենյակները ապահովված են։

Կես Ժամ վերջ կկապվինք Իսթանպուլին։

Անուշն ու Վազրիկը հեռախոսին մյուս ծայրեն կսկսին հարցումներու տարափ մը։ Կարճ կապեցեք, կըսենք, կարճ կապեցեք, երկու օրը շատ հեռավոր ապագա մը չէ, կուգաք ու կտեսնեք ամեն ինչ. և հետո, մենք հազիվ ժամ մը առաջ հասանք, ի՞նչ կրնանք պատմել ձեզի, այն ալ հեռախոսով։

— Ի՞նչ, ալո, մեկ ժամվան մեջ քի՞չ բան կարելի Է տեսնել Վանեն, ալո, ալո, կլսե՞ք։

— Չենք լսեր, ալո, ալո, ալո, ձեր սենյակները պատրաստ են։ Եկեք, շուտ եկեք, այն ատեն երկար կխոսինք...

Դուրս եկանք։ Ընկերս առաջին անգամ չէր, որ կուգար Վան։ Փողոցներուն քիչ մը ծանոթ էր։ Առաջին անգամ իր հայրենի քաղաքը տեսած էր ավելի քան տասը տարի առաջ, երբ այս կողմերը գալ, օտարներու համար, արգիլված էր։ Եկած էր ու մի քանի ժամ վար դրված «զրույցի» համար։

— Այն ժամանակ միայն մեկ պանդոկ կար, կամ ավելի ճիշտ կըլլար ըսել իջևանատուն, որ օթելե զատ ամեն բանի կնմաներ։ Երկհարկանի էր, կեղտի մեջ կորած։ Հիմա կտեսնեմ սա ասֆալթապատ ճամփաները, միակ օթելի փոխարեն կտեսնեմ յոթ օթելներ և բավական կոկիկ օթելներու գոյությունը...

Իր խոսելու շեշետեն կհասկցվի, թե խանդավառությամբ չէ, որ կողջունե այս շինարարական առաջադիմությունը.— «Եթե շինում են, կնշանակե որոշել են մնալ»։

— Հոգ չէ, կպատասխանեմ իր մտածումին։ Երբ մնալ-չմնալու ժամը հնչե, շինությունները վճռական դեր մը չունին։ Մենք ալ շատ շինած էինք, բայց... անցնինք։

Անցանք փողոցներե, Կեդրոնական փողոցը Հանրապետության