քանդած են այստեղ, Վանի մեջ, նոր մը շինելու համար, ոսկիի կարասներ գտնված են։ Եկուր համոզե զիրենք, թող ըսեն ոսկիին տեղերը, ես գիշերանց կհանեմ ու կես առ կես կբաժնվինք․ կես առ կես։ Բաժին մըն ալ քեզի կհանենք․․․։ Այսպես ավելի լավ կըլլա։ Օ․ դուն չես գիտեր վանեցիներուն հարստությունը․․․
Խոստացա համոզել կյավուրները և դուրս ելա։
Ճյումհյուրիեթ ճատտեսիի վրա, թեև ցած ձայնով, բայց երեք հայեր կվիճաբանեին․
- Ծո, ես իմ ծնած քաղքիս մե՞ջ ալ հայ եմ պիտի չըսեմ։ Հիսուն տարի համբերած եմ, որպեսզի գամ և այստեղ ֆրանսիացի եմ ըսեմ․ ես ձեր․․․ մի բարկացնեք զիս։ Հերիք է տարին տասներկու ամիս Փարիզին մեջ մեր ֆրանսերեն խոսիլը, այստեղ մեր հայրենիքին մեջ հայերեն պիտի խոսինք։ Թող հասկնան, որ հայ ենք։ Թող իմանան, որ աշխարհի վրա հայեր կան, թող իմանան։ Սրիկաները կկարծեն, թե հասած են իրենց նպատակին, ալ հայ չէ մնացած աշխարհի վրա։ Թուրքիո մեջ հազարավոր, տասնյակ հազարավոր հայեր մնացին քարայրներու մեջ, լեռներու մեջ, քուրտերու մոտ ու ջարդեն վերջ կարծելով, թե աշխարհի վրա ալ հայ չէ մնացած՝ իսլամացան, քրտացան ու թրքացան։ Գացեք այդ հայերը վերադարձուցեք, գացեք գտեք, եթե կրնաք․․․
Հասած էր խումբի։ Հա,մեկն ալ, այս է, մեր թարգմանիչը։Ծո խիիոտ, ինչ է անդադար կկրկնես ֆրանսերեն խոսինք։Հայերեն պիտի խոսինք, հասկ՞ցար։