մը հայերը ալ տոկացին գերմանական կեդրոնացման ճամբարներու չարչարանքներուն...
Սակայն եթե ձեզի հետ չըլլայի այս վերջին շաբթվան ընթացքին, Իզմիրեն մինչև Պոլիս և Վան, մանավանդ եթե չգայի Վան, չտեսնեի Աղթամարը, Շուշանցի փորված գերեզմանները, հիմնահատակ եղած եկեղեցին, ուրարտական սա բերդը, ձեզ այսքան պիտի չկարենայի հասկանալ, ձեզ փոթորկող հույզերը պիտի չկարենայի ըմբռնել: Ուրախ եմ այս պտույտին համար: Մի քանի օր առանձին պիտի մնաք ձեր նախահայրերուն երկրին մեջ. մի քանի հայեր Վանի մեջ, մի քանի օր առանձին: Գուցե այսպես ավելի հարմար է, գուցե իմ ներկայությունս պատճառ եղավ շատ պոռթկումներու զսպումին, գուցե... ցտեսություն...»
Օդանավակայանին մեջն ենք: Ներսեսյանը կմոտենա մեզի ցտեսություն ըսելու.
- Հասցես ունիք, տեսնվինք Փարիզի մեջ անպայման: Անին անպայման տեսեք. ֆրանսացիները հիացած էին...
Մեզի կմոտենան շատերը խումբին անդամներին. աղջիկ մը՝
- Տեսա՞ք ինչ պատահեցավ վայրկյան մը առաջ, պլուզիս երկու կոճակները բաց էի: Թուրքը մը մոտեցավ ու նշաններով հասկացուց, որ այստեղ կարելի չէ՛ այդպես քակված կոճակներով պտտիլ... զարմանալի մարդիկ են, ինչ կա եղեր. բոլոր կոճակները բաց չէին... երկու կոճակ միայն... ու խնդալով հեռացավ:
Ուրիշներ եկան երկու խոսք ըսելու հայ արվեստի մասին, երկու խոսք ըսելու հայ ժողովրդի մասին և բաղդատականը ընելով երեկին և այսօրվան, գլուխնին կշարժեին: Բոլորը կուզեին, որ տեսնվեինք Ֆրանսիայի մեջ:
Վստահ եմ, երբ Փարիզի Լուվրի հռչակավոր թանգարանին մեջ վերջացավ «Հայ արվեստը Ուրարտուեն մինչև այսօր» ցուցահանդեսը, այս խումբին բոլոր անդամները, ո՛չ միայն այցելեցին զայն, այլև եղան լավագույն փրոփականտիստներ ցուցահանդեսին ու անգամ մըն ալ հիշեցին Չավուշ-Թեփեի ու Վանա բերդի ուրարտական արձանագրություններուն կողքին այդ արվեստի կոթողներուն շարունակությունը եղող Անիի ավերակները: