Օրինակ, երեկ այդ ծերուկը կհարցներ, թե ո՞ւր է Վարագա լեռը, ո՞ւր է Նարեկը։ Ես այդ անունները լավ չէի գիտեր։ Հարցուցի և տեղերը գտա։ Անունները փոխած են։ Հասանին կբացատրեմ, թող վաղը և մյուս օրը ձեզ տանի այդ կողմերը։ Մոտիկ տեղերը վերջացուցք, հեռու տեղերը թող մնան ուրիշ անգամվան․․․
— Աչքիս վրա, պայ Պեշքարտեշ։
— Հա՜, այդպե՛ս, դուք հասկղո՛ղ մարդ եք, տոքթոր պեյ, իրենց էլ հասկցուցեք։
Ամեն ինչ պարզ էր ու հասկնալի։ Երեկոյան քիչ մը նեղը դրինք Անուշավանը, ըսելով թե պատճառ եղավ «խիզախությամբ» մեր ծրագրին լրիվ չիրագործելուն։
Ինք կխնդար դարձյալ․
— Ֆրանսերեն խոսինք, հայերենը ծալլենք․․․
Օրը երկու անգամ Վանա ծովը մեզ կընդուներ իր մեջ։ Առավոտ և երեկո։ Այդ ժամերը բոլորիս համար երանելի պահեր էին։ Կմնայինք ջուրին մեջ ժամեր։ Անուշավանը կլողար մինչև ծովուն բացերը՝ մոռցած, թե սրտային հիվանդ էր։
Այդ առավոտ դարձյալ ծով կերթայինք․ այս անգամ բորդի կողմը։ Քանի-քանի անգամներ, Շամիրամա ջրանցքին ծովին միացած կետին մոտ, լող տված էինք․ այս անգամ մեր նշանակետը բերդինմոտ գտնվող եզերքն էր։
Կին մը մոտեցավ մեզի։ Գերմաներեն կխոսեր։
— Գերմաներեն չենք գիտեր, ըսինք։
— Անգլերե՞ն։
— Այո՛։
— Ինչ տեսակ ժողովուրդ են այս թուրքերը․․․
— Լավ ժողովուրդ են։
— Կատա՞կ կընեք։
— Ի՞նչ կա որ․․․
— Փողոցը առանձին չեմ կրնար քալել։ Եկած եմ Գերմանիայեն մինչև այստեղ առանձին, անձնական ինքնաշարժովս։ Ոչ մեկ տեղ այսպիսի ժողովուրդ չեմ տեսած։ Ուր որ երթամ, ետևես մեկ-երկու երիտասարդ կքալեն․ մարդ չե՞ն տեսած, ինչ է։ Հետո կուզեմ ծով մտնել, լողալ, անուշ ծով մը կերևի։ Հանգիստ չեն ձգեր զիս, որ ծով մտնեմ։