Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 07.jpg

Այս էջը սրբագրված է



Կես֊գիշերին վերադառնում էր էշով։

Եթե երեք օր էլ ուշանար՝ մայրս անքուն պիտի սպասեր նրան, մի քանի խոսք փոխանակեր և ապա գնար քնելու։

Իմ մանկությունն անցել է այդ ագարակում, մարմարյա այդ ավազանի եզրին, անցել է աղավնու սպիտակ թևերի վրա։

Գիշերը կապույտ երկնքից այնքա՜ն աստղեր էին թափվում նրա պայծառ, աստղասարսուռ խորության մեջ։

Ցերեկն արեգակը լողում էր նրա մեջ, կարծես զովանում էր նրա ցուրտ ջրերում, իսկ գիշերը տիեզերական էր, խորհրդավոր, խորի՜ն, խորի՜ն…

Գիշերը սպիտակ հատակը կապտանում էր, ջուրը մուգանում և աստղե՜ր, բյուրավո՜ր աստղեր։ Լռությո՜ւն, անսահման լռությո՜ւն։ Ուռիները կռանում էին ավազանի վրա, ամբողջ ագարակի ծառերը շշնջում էին, հանկարծ մի ասուպ ճեղքում էր ավազանը և կորչում։ Համատարած, մե՜ծ֊մե՜ծ թևերով գիշեր, երկա՜ր, համասփյո՜ւռ մի երազ, կապույտ, մուգ֊կանաչ և վերևում սպիտակ ամպեր։ Կապույտ երկնքից կարծես կաթկթում էր շիթ առ շիթ, եղնիկի արցունքների նման, անիմանալի մի բան, դողի նման, սարսուռի նման ծայր էր առնում, տարածվո՜ւմ, տարածվո՜ւմ և տիեզերանո՜ւմ։

Մրգե՜ր, մրգե՜ր, մրգե՜ր, որ գույն էին ճչում, խոտը հրավառ կանաչ, կանաչի մեջ կանաչ կակաչներ։ Սարալանջ, որ ներկվում էր արևային արյունով, սարալանջի ետևը կապույտ լեռներ, այդ լեռների գրկում, բարձր, ջի՜նջ, փիրուզյա մի լիճ, կարծես բյուրավոր մանկական աչքեր էին քթթում։

Խաղողի հատիկները կախվում էին ինչպես մանկական պայծառ, ջի՜նջ աչքեր։ Կարմիր, սև, դեղին և սպիտակ խաղողի ողկույզները ծծում էին արևից լույս, գույն և քաղցրություն, կարծես հենց արևն էր խտացած, կաթիլ֊կաթիլ մղված, ապա լերդացած և կլորացած։

Աշնան այդ ագարակը ծոցվորվում էր, հողը կարծես պատռվում էր իր սեռային անզուսպ կատաղությունից, հորդում էր միրգը, վարարում լեռներից հոսող ջրերի նման, հնձանը լռվում, խազմուզը փրփրում, վազում, լցվում կարասների մեջ իբրև հողի ուրախություն, իբրև արևի ճիչ, իբրև արևի և հողի հզոր և միասնական երգ։