Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 09.jpg

Այս էջը սրբագրված է

ուսից շեղակի իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը։ Գնում էր պետական պարադի, վերադառնում տուն և անմիջապես հանում, կրկնելով․ «Օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ, օ՜ֆ, ազատվա՛»։

Այդ օրն ամբողջ տունը լուռ էր, տոնական խաղաղություն, տան բակի սալահատակն այնքան մաքրված էր լինում, որ աղոտորեն անդրադարձնում էր վրան քայլող մարդկանց ստվերները։ Տան ֆասադը զարդարված էր լինում թրքական մահիկազարդ դրոշակներով, դուռը կամարված կանաչ ուռու ճյուղերով, որոնց մեջ կախվում էին գույնզգույն լապտերներ՝ գիշերվա համար։


***

Ամառը հայրս անցկացնում էր երկար ժամեր տան պարտեզում, ջրհորի մոտ, մի մեծ վարդենու կողքին։

Առավոտվանից ջրհորն էին իջեցնում մի փոքրիկ կողով։ Այդ կողովում՝ մի փոքրիկ շիշ օղի, կանաչի և մրգեր։ Հորս նստելն ու ջրհորի կողովը վեր բարձրացվելը մեկ էր լինում։ Կողովի բովանդակությունը մայրս ինքը դարսում էր վարդենու տակ դրված սեղանի վրա։

Քույրերիցս մեկը հանում էր հորս կոշիկը, փոխարինելով հողաթափով։

Մեկ֊մեկ երկարում էր հայրս, բռնում վարդենու ճյուղը, մոտեցնում քթին և հոտոտում մութ֊կարմիր, մեծ վարդը։

Այդ անէացած աշխարհի կապույտ մոխրում այժմ էլ, զգում եմ, կաթում է այդ վարդենու արյունը, կաթում է արցունքի նման, ցողի նման, կաթում է եղևնու խեժի նման։

Այդ բոլորի վրա փլվեց կապույտ երկնակամարը, ինչպես հին տաճարի փիրուզյա գմբեթ երկրաշարժից։


***

Նոր տարու գիշերը, երբ մենք՝ մանուկներս, սպասում էինք Զմեռ պապիին, որ մեզ բերեր նոր տարու նվերներ, դուռը բախեց մահը, բռնեց հորս ձեռքը, սեղմեց ջերմագին և նրանք, մահն ու հայրս, թևանցուկ դուրս եկան տնից, քայլեցին սպիտակ ձյունի վրայով։

Գնացին և է՛լ չեկան։