Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 10.jpg

Այս էջը սրբագրված է



Բ

Ես կարծում եմ, որ աշխարհում եղել են երկու քրիստոնյա։ Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը՝ մայրս, հայ։

Նա միայն մի գիրք էր կարդում՝ Ավետարանը։ Ամբողջ օրը նա ջանում էր միայն մի բան անել՝ իրագործել Ավետարանի պատվիրանները։ Աղքատների հետ ճաշի էր նստում, բարեգործություններ էր անում, պայմանով, որ ոչ ոք չիմանա, և․․․ աղոթում էր։

Խոնարհվում էր այդ կինը մինչև ոսկորների ծուծը։ Նրա խոնարհությունն օրգանական էր, որովհետև այդ խոնարհության համար խոր տարաձայնություններ էին ստեղծվել նրա և հորս միջև։

Մի կին, որ պատրաստ էր ամուսնու ամեն ուզածն անել,— թեկուզ ոճիր, բայց չէր կարող ազատվել խոնարհությունից։ Խոնարհության գերին էր այդ կինը։ Թող բոլորն անգոսեին իրեն, թքեին և մրեին— նա տանում էր միայն խոնարհությամբ. այդպես էր պատվիրում Ավետարանը։

Հայրս պահանջում էր, որ մայրս դառնա խանում, նստի դահլիճի վերի կողմը, ստինքներու պես ուռած բարձերով շրջապատված, ոչ մի բանի չխառնվի և, գլխավորը, ոչ մի քահանա չհյուրասիրի տանը։ Օրգանական ատելություն էր զգում դեպի քահանաները։

Մայրս ամբողջ օրը լաց էր լինում և լուռ, խոնարհությամբ, բայց աներևակայելի համառությամբ, պայքարում էր հորս այս աղայական փիլիսոփայության դեմ։

Գաղտնի, բոլորիս պատվիրելով, որ հորս լուր չտանք, նա գնում էր և լվացարարուհուն օգնում, ավլում էր տունը, աղախինների հետ հատակն էր սրբում՝ փոշու մեջ կորած, ճաշ էր եփում, կրակ վառում, վերջապես անում էր այն, ինչ մի գավառացի կին առհասարակ անում է։

Առանց այդ աշխատանքի՝ մեռած էր այդ կինը։

Բայց երբ էշը ճանապարհ էր ընկնում դեպի հորս պաշտոնատեղին, փոխվում էր ամեն ինչ։

Մայրս և բոլորն էլ հագնում էին այնպես, որ կարծես պետք է հարսանիք գնան։