Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 100.jpg

Այս էջը սրբագրված է

Սուրբ հոգի առնողներն այլևս խանութ չէին բաց անում՝ առևտուրով զբաղվելու համար, մինչև անգամ պարզ, անմեղ արհեստով զբաղվելը մեղք էին համարում։ Այսպիսով, բավական խանութներ փակ էին։

Հանկարծ մի առավոտ մի խանութ (որ մինչև այդ բաց էր) չէր բացվում։ Այլևս պարզ էր՝ խանութի տերը առել էր սուրբ հոգին։

Կողքի խանութպանները, տեսնելով, որ խանութը չբացվեց, ասում էին իրար․

— Իշու ձագը սուրբ հոգին առավ․․․

— Առա՜վ ու առա՜վ․․․

Սուրբ հոգու կոմեդիան այնքան ընդհանրացավ, որ մի բողոքական ուրիշ բողոքականի դռնից անցնելիս՝ թխկացնում էր լուսամուտը և հարցնում․

— Մուրադ աղա, առա՞ր։

— Նոր տի՞ առնեմ, ծո, է՛շ, մեղա՜, մեղա՜, ութն օր է առեր իմ, — պատասխանում էր Մուրադ աղան։

— Ես դահա չառա։

— Վաղը գնա ա՛ռ, ամոթ է, ծո, սարսա՛խ։

Փոքր հորաքույրս, որ բողոքական մարդու էր գնացել, մր․ Ջեյկըրի ժամանումից երեք օր հետո սուրբ հոգին առավ․ այսպես ասած՝ առաջին առնողներից մեկն էր։ Լուր բերին հորս թե՝ «Եղսա քորոն սուրբ հոգի է առեր»։

— Կանչեցե՛ք՝ գա, — պատվիրեց հայրս։

Գնացին, կանչեցին։ Չեկավ․ փեսային կանչեցին։ Նա եկավ և հայտնեց.

— Հաջի էֆենդի, կվախնա, որ գա։

Հայրս նրան պատասխանեց.

— Էդ ի՞նչ ջիվերիս սուրբ հոգին է առեր, որ կվախնա, — և մուգ գույնի մի հայհոյանք շպրտեց մր․ Ջեյկըբի հասցեին։

Վերջապես, հազիվ մատների վրա հաշված մի քանի հոգի մնացին, որոնք համառորեն չառան սուրբ հոգին։ Այս համառողների — ըստ մյուսների՝ անհույս ՜ մեղավորների համար— մր․ Ջեյկըբը վերջին մի աղոթք արավ և փողերը հավաքած՝ հեռացավ, վերջ տալով կոմեդիայի առաջին գործողության։