Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 103.jpg

Այս էջը սրբագրված է

էին ժողովարանից դուրս եկող բողոքականները, իբր թե մաքրվում էին մեղքերից) մտնում է մր․ Էյմանի առանձնասենյակը և թախծոտ շեշտով սկսում․

— Մր․ Էյման, շա՜տ կը ցա՜վիմ, ո՜ր հա՛յ ծնված եմ։

Մր․ Էյմանը, առանց մեկ երկու ասելու, տեղնուտեղը թքում է պարոն Մամբրեի երեսին և դուրս վռնդում, իսկ առավոտյան նրա առաջին գործն է լինում հեռացնել Մամբրեին աշխատանքից։

Պարոն Մամբրեն բոլորովին այլ բան էր ակնկալում, նա համոզված էր, որ մր․ Էյմանը պիտի շոյի նրա «ցավը» և ավելի առաջ քաշի։ Հյուսնը մի քանի շաբաթ էլ եռանդուն աղոթեց ժողովարանում, բայց մր․ Էյմանը նրան ետ չվերցրեց։ Տեսնելով, որ բողոքականներից այլևս հույս չկա, պարոն Մամբրեն, հին արհեստավորի շորերը հագած, վերադարձավ լուսավորչական եկեղեցի։ Նրա առաջին անգամ եկեղեցում երևալը տեսարան էր․ ամբողջ պատ արագի տևողության՝ բարձրր և անճոռնի հեկեկում էր, աղոթում, կռանում, գետնի կարպետը համբուրում, բարձրաձայն աղաղակելով․ «Տե՛ր, մեղա՜, մեղա՜, իշություն ըրի, ներե՛»։

Պատարագից հետո, հանդիսավոր կերպով, Մամբրեն հաշտվեց ժամկոչի և նրա կնոջ հետ՝ ներողություն խնդրելով։ Մր․ Էյմանից ստացած շորերը նվեր տվեց մի գյուղական վարժապետի, բաց արավ իր նախկին կրպակը, բեղերն ստացան առաջվա պատկառելի ձևը, և երախտագիտությամբ ընդունեց իր նախկին հաճախորդներին։

Երբեմն, երբ չար կատակի համար նրան պարոն Մամբրե էին ասում, Մամբրեն խնդրում էր․ «Մըսեք, մարմինս փուշ֊փուշ կըլլի»։


***

Մենք մի ազգական ունեինք, շատ հեռավոր մի ազգական, որին Մանուկ փեսա էինք անվանում։ Եվ ո՛չ միայն մենք, այլև ողջ քաղաքը նրան Մանուկ փեսա էր կանչում։

Մանուկ փեսան չափազանց նիհար, ոսկրուտ, բարձրահասակ, շատ փոքրիկ, կապույտ և խորն ընկած աչքերով մի