Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 104.jpg

Այս էջը սրբագրված է

մարդ էր։ Նրա աչքերն այնքան էին փոքր, որ հորաքույրս ասում էր՝ «մախաթով են ծակեր»։

Ամեն անգամ, երբ Մանուկ փեսան հայտնվում էր մեր տանը (պետք է ասել, որ շատ քիչ էր գալիս), տան հասակավորները խեթ աչքերով էին նայում և նրանից բացարձակապես ֆիզիկական սարսափ էին զգում։

Հորաքույրս միշտ ասում էր․

― Գյոպեռգոռը եկավ․․․

Մանուկ փեսան կարևորություն չէր տալիս այդ խոսքերին և նայվածքներին, ընդհակառակն, քթի տակ մանրիկ ժպտում էր և՝

― Հը, ինտո՞ր եք, աղե՞կ եք, — հարցնում էր։

Ոչ ոք չէր պատասխանում։

Երկար լռությունից հետո հորաքույրս թե՝

— Մանուկ փեսա՜․․․

Մանուկ փեսան անմիջապես ընդհատում էր, որովհետև հորաքրոջս սկսած տոնից նա գիտեր, թե ինչ պետք է ասի․

― Խոսքդ շեքերով կոտրիմ․ մի՛ խոսա․․․

Եվ հորաքույրս լռում էր, չէր էլ կարող չլռել, որովհետև Մանուկ փեսան կարող էր շատ «վրան բաց» սրախոսություն անել։ Հորաքրոջս լռելուց հետո՝ Մանուկ փեսան սկսում էր զբաղվել մեզմով՝ մանուկներով։

Մենք Մանուկ փեսային շատ էինք սիրում, որովհետև նա անվախ մարդու համբավ ուներ և մեզ պատմում էր հերոսական պատմություններ։

— Թիփի՜, բո՜ւք֊բորան, լերան ծերն ենք, գելերը մեզ շրջապատեցին․․․

Եվ այսպես անվերջ պատմություններ, որոնք մեզ հափշտակում էին։ Երբ ընդհատում էր, բոլորս միասին․

— Ամա՛ն, Մանուկ փեսա, ոտքդ պագնինք․․․

Եվ նա շարունակում էր եռանդով ու ոգևորությամբ։

Պատմած ժամանակ աչքերը մի քիչ մեծանում էին, այնքան մեծանում, որ կապույտը պարզ երևում էր։

Կամաց֊կամաց մեզ համար էլ պարզվեց Մանուկ փեսայի «գյոռպեգյոռ» լինելու միստերիան։

Մանուկ փեսան ո՛չ խանութ ուներ և ո՛չ էլ արհեստով էր զբաղվում, բայց ապրում էր բավականին բարեկեցիկ։ Երբ