Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 107.jpg

Այս էջը սրբագրված է

բերել էին միայն արտաքին տարազ, մի քանի անգլերեն բառեր և ծամածռված բերաններ։ Ոչ միայն անգլերեն խոսելիս, այլ մինչև անգամ հայերեն խոսելիս նրանք ծամածռում էին իրենց բերանները։

Օրինակ՝ մեզ շատ ծանոթ էշ Օվաննեսը, որ Ամերիկայից վերադարձին, չգիտեմ ինչու, դառել էր պարոն Հովհաննես, հայերեն խոսելիս, կարծես մայրենի լեզուն ծաղր էր գցում — ինչ֊որ կարծես բերանում մի տաք բան էր լղճորում։

— Էնքան ինկլիզճե գիտե, որ փեզևենկի տղան հայերեն անգամ ինկլիզճեի պես կխոսա․․․ — ասում էին միամիտ տեղացիները։

Եվ անգլերեն լեզվի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացի միսիոնարներից և ամերիկահայերից՝ ես ատում էի այդ լեզուն։ Հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետեու անգլերենին և ամերիկյան կրթություն ստանալու, համոզվեցի, որ Շեքսպիրի, Դիկկենսի և Բայրընի լեզուն խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն։

Բայց ամերիկահայերի ծամածռությունները տևում էին միայն մի քանի տարի․ հենց որ Ամերիկայից բերած հագուստները մաշվում էին և տեղականով փոխարինվում, լեզուն էլ մաշվում էր և փոխարինվում էր մայրենի լեզվով։ «Չեմ կրնաաարրր» միմոսական ձևը դառնում էր պարզ և մարդավարի «չեմ կրնար»։

Ամերիկայից վերադարձողները հատկանշական էին և մի ուրիշ բանով՝ ունեին ոսկե ատամներ։ Չկար ոչ մի ամերիկահայ, որ ոսկե ատամ չունենար — բացարձակապես։

Եվ այդ ոսկե ատամը մեզանում բոնտոն էր համարվում։ Եվ որովհետև նրանք ոսկե ատամ ունեին, կարողացան ձեռք ձգել սիրուն աղջիկներ կնության համար։ Նրանց 99 տոկոսը դարձավ արժանավոր միայն ոսկե ատամների համար։ Իմ մեծ քույրս զոհ գնաց մի ոսկե ատամնավորի․․․ Բայց ես չէի ուզենա պատմել այս պատմությունը, դա ինձ մորմոքում է, այդ հիշողությունն այրում է իմ սիրտը։

Էշ Օվաննեսը (պարոն Հովհաննեսը) երկու ոսկի ատամ ուներ վերին ծնոտի առաջամասում։ Այդ բոլոր եկողների մեջ պարոն Հովհաննեսը չկարողացավ աղջիկ գտնել, որովհետև նախ՝ չափազանց գերագնահատեց իր ոսկե ատամները և սկսեց