Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 109.jpg

Այս էջը սրբագրված է




***

Ամերիկահայերը վերադառնում էին՝ երբեմն «կուլտուրական» հիվանդություններում (սիֆիլիս և այլն) և նրանցից ոմանք էլ չէին մոռանում իրենց նախկին ֆեոդալական սովորությունները։

Մեզ հարևան էր մի ընտանիք՝ մայր, որդի և աղջիկ։

Ասում էին, որ այդ ընտանիքն ունեցել է հայր, որ վաղուց գաղթել էր Ամերիկա։ Նրա գնալուց երկու ամիս հետո էր ծնվել նրա որդին՝ Հովսեփը։ Հովսեփի հայրը Ամերիկա գնալուց հետո գրել էր մի թե երկու նամակ և ապա լռել։ Մայրը լվացք անելով, ուրիշների դռներն աշխատանք կատարելով՝ մեծացրել էր աղջկան և որդուն՝ մինչև վերջինները դպրոցն ավարտելով՝ ուսուցիչներ էին դառել և ազատել իրենց մորը ֆիզիկական տառապանքից։

Նրանք ապրում էին չափազանց համեստ, բայց երջանկությամբ արևված մի կյանք։

Մի օր այս ընտանիքում հայտնվեց մի մարդ՝ կռացած մեջքով, սպիտակած մազերով, նիհար, ոսկրացած, անվերջ հազով։

Աղջիկը և որդին չէին ճանաչել այդ մարդուն, բայց մայրն ասել էր նրանց, որ այդ մարդը ձեր հայրն է։

Քույրը և եղբայրը ընդունեցին նրան սառնասրտությամբ, բայց պատշաճ հարգանքով, թեև ամբողջ 18 տարի նա տեր չէր եղել իր զավակներին և կնոջը, մատնելով նրանց թշվառության։

Չանցավ մի քանի օր, մի առավոտ մեր թաղում տարածվեց մի ահավոր լուր՝ «Հովսեփը սպանել է հորր»։ Իսկապես, մի քանի րոպեում ստուգվեց լուրը։ Հովսեփը սպանել էր հորը եղերական մահով՝ խողխողել էր նրան, գլուխը պատին տալով և ջարդելով։

Որքան որ լուրը ստուգվեց, բայց անհավատալի էր թվում Հովսեփին ճանաչողների համար, որովհետև Հովսեփը վերին աստիճանի բարի, խելոք և հանգիստ բնավորությամբ մի երիտասարդ էր։ Նա ոչ թե հորը, այլև մի աքլորի անգամ չէր կարող սպանել։