Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 11.jpg

Այս էջը սրբագրված է

Հորս աչքերից չէր խուսափում, սակայն, մորս արիստոկրատիզմի սահմաններից դուրս գալը։

— Նորե՛ն,— խստությամբ շշնջում էր նա։

Մայրս խոնարհությամբ ժպտում էր, բռնում հորս ձեռքը, սեղմում էր երեսին և լռում։

Հայրս էլ լռում էր, ընկճվում էր նրա գգվանքի տակ, բայց ներսում զայրույթի փոթորիկը ծայր էր առնում, բարձրանում էր առանձնասենյակը և երկար մտածում։

Երկուսն էլ համառ էին։

Հայրս համառ արիստոկրատ էր։

Մայրս՝ համառ դեմոկրատ։

Մինչև վերջն էլ հայրս չկարողացավ հաշտվել մորս դեմոկրատիզմի և մայրս էլ՝ հորս արիստոկրատիզմի հետ։


***

Մայրս գիտեր, որ հայրս Ստամբուլում «դոստ» ունի։ Բայց այս մասին մորս հոգին խաղաղ էր։

Դա բխում էր ո՛չ թե նրա անտարբերությունից դեպի ամուսինը, այլ խորախոր սիրուց։ Սիրելով նրան՝ սիրում էր և նրա հանցանքը։

— Էրիկ մարդ է,— ասում էր մայրս,— սիրտը դադար չունի։

Հիշում եմ, որ երբ հայրս մեռավ, և մեծ եղբայրս սկսեց ճանապարհորդություններ կատարել դեպի Ստամբուլ կամ սևծովյան հավահահգիստներ՝ մայրս հանձնեց նրան ճոխ նվերների մի կապոց, որպեսզի Ստամբուլում հանձնի իր ամուսնու սիրուհուն։

Հիշում եմ նաև, որ մայրս կապոցը հանձնեց արցունքների մեջ խեղդված ոչ թե Ստամբուլի կնոջ պատճառով, այլ նրա համար, որ հայրս չկար այլևս։

— Թող սաղ ըլլեր, հազարը սիրեր,— ասում էր նա։

Մայրս ցանկանում էր, որ հորս նվիրական հիշատակնեռից մեկը՝ Ստամբուլի կինը, հարգված լինի։

Ստամբուլի կինն էլ մորս կապոցը ընդունել էր արցունքներով։