Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 110.jpg

Այս էջը սրբագրված է

Հովսեփին տարան բանտ, և մի ամիս հետո տեղի ունեցավ դատավարությունը։

Բայց մինչև դատավարությունը շատ բան պարզվեց, և գրեթե ամբողջ քաղաքը ոտի կանգնեց՝ Հովսեփին պաշտպանելու։ Հավաքվեցին հանրագրություններ, և դատարանին մատուցվեցին բազմաթիվ խնդրագրեր, մի քանի փաստաբաններ ձրի տրամադրեցին իրենց ծառայությունը, բայց Հովսեփը մերժեց փաստաբաններին, ասելով, որ ինքը պետք է պաշտպանի իրեն։

Ոճիրը տեղի է ունեցել հետևյալ պայմաններում։ Հովսեփի հայրը՝ պարոն Ջոնը, (Ամերիկայում Հովհաննեսը դառել էր Ջոն) վերադարձի առաջին իսկ օրը սկսում է կշտամբել կնոջը, որ իբր թե իր բացակայության ժամանակ (18 տարի) նա անբարոյական կյանք է վարել, եղել է ինչ֊որ (բոլորովին անհայտ) մարդկանց հետ։ Հովսեփը և քույրը միջամտել են, որ իրենց մայրը եղել է շատ պատվավոր մի կին, գտնվել է թշվառ և անօգնական մոր բարոյական բարձրության վրա, և մինչև անգամ եթե նա չի եղել այդպիսին, պարոն Ջոնն իրավունք չունի դատապարտելու կնոջը, քանի որ ինքր երկու զավակները թողել է նրա վզին և հեռացել է՝ առանց որևէ կապ պահպանելու, կապ չի պահպանել ոչ միայն դրամական օգնություն չուղարկելով, այլև զլացել է մի «չոր նամակ»։

Բայց պարոն Ջոնը համառել է, ինչ֊որ տեղեկություններ է ունեցել և ուզում է պատժել կնոջը։ Ամբողջ երկու֊երեք օր աղջիկը և տղան ջանացել են համոզել համառ և անամոթ հորը, բայց համառ և անամոթ հայրը քաշել է երկաթե հարթուկը, նետել է կնոջը՝ գլուխը ջախջախեհլու համար, բայց բարեբախտաբար դպել է ոտի մատին։

Այս եղելությունից հետո էլ զավակները չեն կորցրել իրենց և շարունակել են հորդորել, բայց պարոն Ջոնը այնքան է առաջ գնացել, որ քաշել է Ամերիկայից հետը բերած ատրճանակը․․․

Հովսեփը կծկել է հորն իր ուժեղ թևերի մեջ, ձեռքիցը խլել է ատրճանակը և երկու ժամ ծեծելով, գլուխը խփելով պատին՝ սպանել է կյանքում առաջին անգամ հանդիպած համառ և անամոթ հորը։