Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 114.jpg

Այս էջը սրբագրված է

կինը պետք է քթից խոսի, որպեսզի ինձ հաճույք պատճառի։

Շեմսիի համար այդպես չէր, նա անընդհատ ծաղրում էր Սանիեին, որ քթից էր խոսում։ Եվ Սանիեն ինձ մոտենում էր անսահման ջերմությամբ, զգալով, որ, ընդհակառակն, ինձ դուր էր գալիս իր ծաղրի առարկա պակասությունը և թողնում էր, որ իմ ձեռքերս ազատորեն պտտեցնեմ իր մարմնի բոլոր մասերի վրա․․․

Իսկ այդ մարմինն ինչքա՛ն մասեր ուներ․․․

Ամեն անգամ ես նրա մարմնի մեջ գտնում էի ինձ համար բոլորովին անծանոթ մի վայր, ավելի և ավելի փափուկ և սպիտակ, ավելի սարսռոտ և հոտավետ։

Նման հեռավոր և անծանոթ երկրի, նման մթին և թավշյա թավուտների՝ ես ամեն վայրկյան գտնում էի մի նոր և նորագույն բարձրունք կամ խորություն, մի նոր և անսովոր սարսուռ։ Երբ մի նոր խորշ կամ մի նոր ծալք, կամ մի բարձունք էի գտնում, ինձ թվում էր, որ էլ նորը չկա, հանել և տիրել եմ արդեն անծանոթ և զգլխիչ երկրամասի բոլոր կետերին։

Ոչ։

Էլի նոր ծալքեր, էլի մի փոքրիկ ուռուցք, էլի մի թավշյա, սպիտակ, փոքրիկ, բայց անհո՜ւն մի տարածություն․․․ գծեր, որ վազում են, կլորություններ, որ ալիքավորվում են և բարձրանում։ Հետևում եմ մի գծի֊գնում է, դառնում, ոլորվում, թավալվում և հանկարծ անէանում մի սպիտակ և հղկված մարմարյա դաշտում։

Գնում եմ անծանոթից ավելի և ավելի անծանոթը, ահա պետք է հասնե՜մ․․․

Ինձ թվում է, որ ահա պետք է պարզեմ ամբողջ մթին անծանոթը․․․ Պիտի լինի առավոտ, պիտի հոսի արեգակի կաթը աշխարհի վրա, բայց Սանիեն չկա, վազել է պարտեզի կեռասենիների տակ, ծիծաղում է․․․

Պոկել էի առասպելական ծաղկի հազարավոր թերթերը, բայց դեռևս պետք է պոկեի հազար հազարավոր թերթեր՝ հասնելու համար ծաղիկի հոգու հոգուն։

Ծիծաղում էր Սանիեն։

Կարկաչում էր երկինքներից հոսող կապույտ առուն․․․