Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 116.jpg

Այս էջը սրբագրված է

մի դաժան ամպ եկավ և ծածկեց արծաթյա լուսինը, և ես չկարողացա պարզել բուրավետ. զգլխիչ և ծաղկավետ ածանոթը, ինձ անծանոթ մնացին անհունորեն թաքուն ծալքեր, գծեր, թավշյա տարածություններ, ես չկարողացա տիրել ամբողջ մարմարյա դաշտին։

Սանիեն անցնում էր մեր դռան առաշից՝ փաթաթված մի մանիշակագույն ամպով, իմ աչքերը մխրճվում էին նրա չադրայից ներս և թափառում անծանոթ երկրի աստղաբորբ թաքստոցներում։


***

Ամեն առավոտ և ամեն երեկո վանդակապատ լուսամուտից մի աչք է նայում ու մի ձեռք է երկարում դուրս և մի ծաղիկ նետում ոտներիս տակ։

Վանդակապատ լուսամուտը մեր դռնից մի քանի դուռ ներքևում է, պատկանում է մի թուրք կրոնավորի։ Ուրբաթ օրերը նա ո՛չ մի քրիստոնյայի չի բարևում և այդ օրը ո՛չ մի քրիստոնյայի բարևին չի պատասխանում։

Բայց ուրբաթ օրն էլ միևնույն ձեռքը, փափուկ, ինչպես առավոտի հասմիկը, երկարում է դուրս, մի ծաղիկ նետում և քաշվում ներս։

Վանդակապատ լուսամուտից լսվում է նրա մեղմ ծիծաղը, ուրախության զսպված ճիչը։

Թուրք կրոնավորի երրորդ կինն է, պատանի մի աղջիկ, բանտարկված վանդակների մեջ։

Իմ մեջ բոցավառվում է մի կարոտ, ուզում եմ տեսնել նրան, խոսել հետը։

Վերցնում եմ նետած ծաղիկը, տանում եմ տուն, հոտոտում եմ անվերջ։ Այդ ծաղկից անցնում է իմ հոգուն մի անիմանալի դող, խայտանքով լեցուն մի սարսուռ։

Կրոնավորը վաթսունն անց է, կռացած մեջքով, չար, դեղին աչքերով։ Ածիլում է ցցված այտոսկրները, միրուքը կլորում, հինայում։ Ամեն դուրս գալուն խստիվ պատվիրում է մյուս կանանց — հսկել Բահրիեին, չթողնել լուսամուտի մոտ գնալ, ճանճ չպետք է անցնի անից ներս։