Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 120.jpg

Այս էջը սրբագրված է
***

Առավոտ։ Գորշ, մռայլ երկինք, բայց ձյունն ամբողջ գիշեր թափվել է, ծաղկել երկիրը շուշաններով։

Պայուսակը կռնատակիս դուրս եմ գալիս տնից՝ վազելու դպրոց։ Շները ողջունում են իմ առավոտը։

Տեսնում եմ՝ մարդիկ քայլում են արագ, լու՜ռ, ահաբեկված աչքերով։ Մի կին է կանգնած առաջին փողոցի անկյունում, նրա աչքերում անդնդախոր լռություն կա։

Ընդհանուր լռություն է տիրում, կարծես ձյունը մի վիթխարի դագաղի սպիտակ սավան է։ Բնազդորեն զգում եմ, որ մի բան կա, որն ինձ ահ է ներշնչում, այդ ահն աճում է, ինչքան առաջ են շարժվում քայլերս։

Մի տան լուսամուտի վարագույրը խորհրդավոր կերպով քաշում են ներսից, կարծես չեն ցանկանում, որ օրվա լույսը թափանցի ներս։ Մեկը դուռը բաց է անում, երկյուղալից աչքերով նայում է փողոցին վերից վար ու փակում։

Հանդիպում եմ Գրիգոր աղային, դանդաղաշարժ մի մարդ, բայց աճապարում է։

— Ո՞ւր կերթաս,— հարցնում է։

— Դպրոց, — պատասխանում եմ։

Ուզում է մի բան ասել, բայց ձեռքը թափ է տալիս ու անցնում։ Կարծես վազում է, եզան նման այդ դանդաղաշարժ մարդը, կարծես փախչում է վերահաս վտանգից։

Մի խումբ մարդիկ կուչ եկած, բայց արագ քայլերով աճապարում են քաղաքի մեծ հրապարակից։ Ուզում եմ մի բան հարցնել, բայց ոչ ոք գլուխը վեր չի բարձրացնում։ Արագ անցնում են։

Խանութները փակ են։ Ո՛չ կիրակի է, ո՛չ էլ ուրբաթ։ Մեկ֊մեկ կիսաբաց խանութներ կան։ Ներս եմ նայում փեղկերից։

Մարդիկ նստած են անկյունները, կծկված, չեն խոսում, միայն ծխում են։

Ոչ ոք, ոչ ոք չի խոսում, նայում են ինձ մեկ֊մեկ ցավագին ժպտում։

Որքան մոտենում եմ մեծ հրապարակին, այնքան խորանում է լռությունը։