Մի կին ահաբեկված դուրս է գալիս, չսանրած մազերով, գրեթե գիշերային շորերով, բռնում է տասը տարեկան մի մանկան ուսից և աճապարանքով քաշում ներս, դուռը փակում։
Հասնում եմ հրապարակ։
Հրապարակի մեջտեղում, ընդհանուր ձյունի սպիտակության մեջ, մի սև կույտ։ Չորս զինվոր՝ փայլփլացող սվիններով, կանգնել են այդ սև կույտի բոլորտիքը, հատ֊հատ մարդիկ, կծկված և ահաբեկված, մոտենում են, դիտում, աչքերը փակում և անցնում լուռ։
Մոտենում եմ։
Տեսնում եմ առանց մարմնի մի գլուխ։
Ձյան վրա արյունը սառել Է, սևացել։ Գլուխը պառկած է, քնելու նման։
Դառնում եմ մյուս կողմը — թևերը ձյան մեջ խրած մի մարդ՝ առանց գլխի։
Սառած մնացել եմ, ոտքերս չեն շարժվում։
Զինվորներից մեկը հրամայում է․
— Հեռացի՛ր։
Հեռանում եմ։
Առավոտյան, մթնշաղին, սուլթանական բռնակալությունը կտրել է երկու հեղափոխականի գլուխ։
Մյուսը քաղաքի վերևի հրապարակումն է։
Առաջին անգամ տեսնում եմ չար բռնակալության պատկերը, զարհուրելի պատկեր։
Տխրեց իմ մանկական հոգին։
Ուզում եմ տուն դառնալ, բայց հրապարակի վերևում բարձրանում է մի աղմուկ։ Բազմություն։ Վազում եմ։
— Ֆուադ բե՜յը, Ֆուադ բե՜յը․․․
Ֆուադ բեյը գեղեցիկ գլխով, խարտյաշ, երազուն աչքերով մի թուրք է, երիտասարդ, լայնաճակատ, նրբակազմ, բայց առնական, հագնում է չերքեզի շորեր, քայլում է դանդաղ ու հպարտ։ Ֆուադ բեյը Պոլսից աքսորված թուրք հեղափոխականներից մեկն էր, որ աղմուկ էր բարձրացրել հեղափոխականների գլխատման համար։
Ահա բարձրացավ նա մի խանութի քարե աստիճանների վրա և խոսում է հավաքված բազմության։ Նա այլևս այն երազուն աչքերը չունի, մոլեգին մի նայվածք, վսեմորեն վայրենացած,