Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 122.jpg

Այս էջը սրբագրված է

փափախը ձեռին, նրա խարտյաշ մազերը թափված են լայն ճակատի վրա։ Հազիվ կարողանում եմ լսել և հասկանալ մի քանի բառ անկցի՜ և այլն։ Վրա են հասնում բռնակալության հավատարիմ ոստիկանները, պաշարում են Ֆուադ բեյին, հրում, կապում ձեռքերը, քշում տանում։

Բազմությունը, ահաբեկված, զարհուրած, ցրվում է։

Իջնում է նորից լռությունը՝ ծա՜նր, ծա՜նր։

Դառնում եմ տուն։ Բոլոր լուսամուտների վարագույրները քաշված են։

Ներս եմ մտնում։

Ո՛չ ոք չի խոսում։

Փաթաթվում եմ մորս։

Նա լու՜ռ շոյում է գլուխս։

Խեղդում է ինձ այդ լռությունը։

Ուզում եմ ճչալ, բայց շղթայված եմ լռությամբ։ Ամբողջ քաղաքը դարձել է մի գերեզման։

Սրտիս մեջ երբեմն լսվում է թնդյուն, խուլ արձագանքում և մարում։

Կտրված գլու՜խ․․․ Չէ՞ որ միայն ոչխարի գլուխն են կտրում։

Ո՞վ է կտրել այդ գլուխները։

— Ահմեդ Չավուշը, Ահմեդ Չավուշը․․․ — շշնջում են։

Ահմեդ Չավուշը դառնում է իմ աչքին այն առասպելական հրեշը, որի մասին շատ էի լսել, բայց երբեք չէի տեսել և չէի էլ կարող պատկերացնել։


***

Մի անձրևոտ գիշեր դաշունահար սպանվեց մեր դպրոցի տեսուչ Հակոբ Սիմոնյանն իր տան առաջը գտնված փշենու ծառի տակ։

Առավոտյան լուրը կայծակի պես տարածվեց — թուրքերը դաշույնի հարվածներով սպանել են Հակոբ Սիմոնյանին, թուրքե՜րը, շնե՜րը․․․