Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 123.jpg

Այս էջը սրբագրված է

Լուրն ինչքան տարածվում էր, ատելությունն այնքան խորանում էր և փրփրում։

Քաղաքի մի քանի փողոցներում արդեն ընդհարումներ էին տեղի ունեցել հայի և թուրքի միջև։ Թուրքերը անցնելիս՝ հայերը հայհոյել էին — նրանց կրոնը, Մուհամմեդին, և սկսել էր կռիվը։

Ամբողջ օրն առաջնորդարանում ժողով էր տեղի ունենում, ուզում էին հեռագրել Պոլիս՝ պատրիարքին՝ բողոքելու տեղի ունեցած ոճրագործության դեմ։ Քաղաքը պաշարվեց զինվորներով, ամեն մի փողոցի անկյունում զինված ոստիկաններ էին կանգնած ու արգելում էին անցքը և անցնողներին ձերբակալում։ Ձերբակալում էին միայն հայերին։ Շատերը, ձերբակալությունից խուսափելու համար, սպիտակ ապարոշ էին կապում իրենց ֆեսի շուրջը և դուրս դնում։ Ոստիկանները, տեսնելով ապարոշը և կարծելով մոլլաններ, ազատ անցք էին տալիս։ Մինչև երեկո քաղաքը լցվեց «մոլլաներով»։

Երեք օր շարունակվեց այդ դրությունը և գնալով դարձավ մի մութ մղձավանջ։ Դիակը մնաց իր բնակարանում՝ հարազատներով շրջապատված։

Հնարավորություն չկար թաղելու։

Երեք օր հետո կատարվեց թաղումը, և ձերբակալվածներն ազատ արձակվեցին, որպեսզի մասնակցեն թաղմանը։ Բազմահազար մասսա էր հավաքվել թաղմանը, եկել էին մարդիկ և հեռավոր գյուղերից։ Թաղումը տեղի ունեցավ առանց որևէ ծայրահեղությունների, բոլորն էլ հանգստացել էին, գլուխները կախ արել, բոլորն էլ երևում էին մի տեսակ ամոթահար։

Ինչո՞ւ։

Պարզվել էր, որ Հակոբ Սիմոնյանին սպանողը թուրք չի եղել, այլ մի երիտասարդ հայ, այն էլ տեսչի սաներից մեկը, որը երկու տարի առաջ ավարտել էր և զբաղվում էր ուսուցչությամբ։

Ինչո՞ւ էր սպանել Հակոբը Հակոբ Սիմոնյանին։

Սպանողի անունն էլ Հակոբ էր։

Հակոբ Սիմոնյանը ունեցել էր մի ազգականուհի, սիրուն մի աղջիկ, որին ոճրագործը սիրահարված էր եղել։

Աղջկա ծնողները տեսչից խորհուրդ են հարցրել իր աշակերտի