Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 132.jpg

Այս էջը սրբագրված է



Մեր բարբառում տաճկընալ կամ թրքանալ, կը նշանակեր՝ զայրանալ, վայրենանալ։

— Համբերանքս հատավ, տաճկըցա, — ասում էինք…

Եվ գալիք սերունդները կը պատմեն մի զարմանալի հեքիաթ։

«Լինում է, չի լինում, մի փոքրաթիվ և հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանա ծովից մինչև Միջերկրականը, Բաղդատից մինչև Բյուղանդիոնը։ Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտն հավաքող, ծառա, ճորտ և այլն։ Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները նրա սահմաններից դուրս, սիրաբորբոք սիրում են նրանց և Արևմտյան պետությունների մինիստրները, որովհետև այդ ժողովուրդն ուներ սև ու սիրուն աչքեր և տարածում էր կուլտուրա ողջ խավար Արևելքում։ Սիրաբորբոք սիրուց մղված՝ իր հարուստ ցեղակիցները և Արևմտյան մինիստրները հրում են այդ ժողովրդին դեպի կռիվ իր հարևանների դեմ, հարևաններ, որոնք տարբեր էին կրոնով, արյունով և կուլտուրայով, ունեին սուրեր և զրահ, զորք, ռազմատորմիղ և գերակշիռ թիվ։ Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում։ Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը, և արյան գետեր են հոսում։ Հին այդ ժողովրդի ականջին գոռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները. «Եկել է ազատության ժամը, խփի՛ր քո հարևանին, խփի՛ր նրա մահակին քո խաչով»։ Հին այդ ժողովրդի սև ու սիրուն աչքերը փայլում են ազատության տենչից, սկսվում է անհավասար կռիվ, զարկում են, զարկվում, և հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր՝ իբրև կոշմարային հիշատակ։

Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները՝ ոսկորների և մոխիրների վրա։

Եվ երկնքից ընկնում է երեք խնձոր…»


ԺԸ

Այդ աշխարհում մի սերունդ կար, որ մեծացել էր բաղնիքների ետևում դիզված կայծեր պարունակող մոխրակույտերի մեջ։