Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 135.jpg

Այս էջը սրբագրված է

միայն փայտի հարվածներից և ոստիկանների հանկարծակի հասցրած մտրակներից։

— Ականջ մի՛ կախեր, Ալի՛, — ասաց հայրս, — մի քանի տարիեն ամեն մարդ կմոռանա քու քյուլխան բեյի ըլլելդ, մարդ կդառնաս, — և նրա ձեռքը դրավ մի քանի մեջիդ արծաթ դրամ։

Ալին փող չէր պահում իր մոտ, հորիցս առած փողը պահ էր տալիս իմ պառավ հորաքրոջս։ Նա, ուտելուց և հագնելուց բացի, ոչ մի պահանջ չուներ, ուտում էր մեզ մոտ, հագնում էր հորս գնած չուխան, պառավ հորաքույրս էլ մատակարարում էր նրան ծխախոտ՝ հորս Տրապիզոնի պահեստից։

Ալին մտահոգված էր իր խմբի ընկերներին մի մի պաշտոն գտնելով։ Մի քանիսին սպասավոր դարձրեց, շնորհիվ մեր տան միջոցով ձեռք բերած իր ծանոթությունների, մի քանիսին կառապանի պաշտոնի բարձրացրեց, մի քանիսին՝ ձի պահող, իսկ մնացածներն էլ մարդ սպանեցին ու փախան սարը և դառան ահ ու սարսափ ազդող բանդիտներ։

Խոսում էին, որ Ալիի բանդիտ ընկերները մեկ֊մեկ իջնում են սարից և հյուրընկալվում մեր ագարակում Ալիի կողմից, բայց մենք երբեք չէինք տեսել։

Քաղաքային իշխանությունը մի քանի անգամ գաղտնի ոստիկաններ պահեց մեր ագարակում՝ բռնելու Ալիի ընկեր բանդիտներին, բայց բոլոր փորձերն անցան անհաջող։ Մի փոքրիկ նշան պարսպի դռան վրա բավական էր, որ սարից իջնող մարդիկ չմտնեին ագարակը։ Բայց որպեսզի իզուր չանցներ սարից քաղաք իջնելը, կողոպտում էին հանդիպած մարդուն և հեռանում։

Մայրս միշտ մտահոգված էր, որ մի՜ գուցե մի օր էլ հայրս պատահեր նրանց և կողոպտվեր։

— Գիշերները շուտ եկուր ագարակեն, — ասում էր մայրըս, — օր մըլ քեզ կը կողոպտին, գոնե սահաթդ և փարաներդ հետդ մի՛ տաներ։

— Ականջ մի կախեր, կնիկ, — պատասխանում էր հայրս, — ընծի կը ճանչնան, էդպես ապուր չեն ուտեր։

Եվ մի օր էլ այդ ապուրը կերան, հայրս տուն եկավ կողոպտված։ Մայրս հիշեցրեց նրան իր նախազգուշացումը։