Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 137.jpg

Այս էջը սրբագրված է



Ալին մի բան էլ ուներ ասելու, ավելի շուտ այս բանի համար էր, որ նա սկզբից ամաչում և քաշվում էր։

— Հաջի էֆենդի, ես քու ոտքիդ ղուրբան ըլլիմ, — պաղատեց Ալին։

Հայրս հասկացավ։

— Ալի՛, ըսե՛, ես քեզի շատ բան եմ պարտական։

Ալին համարձակվեց։

— Հաջի էֆենդի, երկու ոսկի տաս ինձ, ճանապարհին անոթի չմեռնեմ, — կմկմաց։

— Երկու ոսկին քիչ է, — պատասխանեց հայրս, — քըզի տասնևհինգ ոսկի կուտամ։

Ալին կռացավ և հորս վերարկուի քղանցքները համբուրեց։

Հաջորդ օրն իսկ Ալին հայտարարեց իր ուխտագնացությունը։ Իսլամական սովորության համաձայն պետք է նվերներով ճամփու դնեին Ալիին իր իսլամ կրոնակիցները։

Հաջորդ օրը, երբ հայրս Ալիի բռումը համրեց տասնևհինգ ոսկին, մորս կրոնական զգացումներին դիպավ։ Նա ասաց․

— Եթե հայ քրիստոնյա մը Երուսաղեմ գնա՝ չես տար։

— Ես իմ գործը գիտեմ,— պատասխանեց հայրս,— Ալին թող ետ գա, ես հարյուրներ կը վաստակեմ։

Մի քանի օրից, երբ Ալին ճանապարհ ընկավ, ցնցոտիներ հագած, բոբիկ և ձեռին մի երկար և անտաշ գավազան, իր իսլամ կրոնակիցներից շատերը ողջերթ մաղթեցին նրան։ Նվեր գրեթե չստացավ։ Նրա սոցիալական ծագումը հաղթեց կրոնական զգացումներին և ընդհանուր հավատքին։

Ալին նորից համբուրեց հորս վերարկուի քղանցքները և համառ, հանդուգն ու վճռական տոնով ասաց․

— Հաջի էֆենդի, աշխարհքին խերը պիտի անիծեմ։

Հայրս Ալիի ճակատից համբուրեց և գաղտագողի մի ոսկի ևս դնելով նրա ափի մեջ՝ ասաց․

— Երուսաղեմեն որ անցնիս, էնտեղ մի ջրհոր կա, Հակովբա ջրհորը, ուր մեր Քրիստոսը հանդիպավ Սամարացի կնոջ, էդ ջրհորին վրա, իմ հոգու համար, մի մոմ վառե՛։

— Մի քանի հատ կը վառեմ, հաջի էֆենդի, անհոգ ըլլիր, — եղավ Ալիի վերջին խոսքը և ճանապարհ ընկավ դեպի Մեքքե։