Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 143.jpg

Այս էջը սրբագրված է

էին, մինչև անգամ, թե՝ տղի կամ աղջկա «ճինսին» մեջ աղվընիկ խաղցնող եղե՞ր է, թե չէ։

Եթե մեկնումեկը ասեր թե՝

— Կրսեն քի աղջկա (կամ տղի) մորը հորհղբոր փեսի ախպարն աղվընիկ խաղցնող է եղեր։

Եվ եզրակացությունը պարզ էր՝ անմիջապես նշանը (եթե մինչև անգամ տվել էին) ետ էին ուղարկում, խնամիական բոլոր կապերը խզում։

Բայց մենք՝ մանուկներս, սիրում էինք աղավնիները, իսկ աղվընիկ խաղցնողները մեր աչքերում հերոսներ էին։

Մանուկների համար այդ բոլորն անհասկանալի, այդ բոլորը տարօրինակ, այդ բոլորն ապշեցնող էին։

Չէ՞ որ եկեղեցում ոսկյա աղավնու բերանից էին կաթեցնում մեռոնը՝ թևաբաց ոսկյա աղավնու։

Աղավնին գովաբանվում էր, իբրև անմեղության նշան, բոլոր երգերում։

Մանկությունն անմեղություն է

Եվ մենք սիրում էինք աղավնիներին։

Մենք մի փոքրիկ մարմարյա արձան ունեինք։ Դա մի մերկ, սիրուն աղջիկ էր՝ աջ ուսին մի աղավնի թառած։

Այդ արձանը հայրս Ստամբուլից էր բերել։ Դրված էր իր սենյակում, ընկուզե փայտից շինված պատվանդանի վրա, ետևում թավշյա սև ֆոն։

Որքան որ մայրս սարսափում էր աղավնուց, բայց էլի լավ բաները նմանեցնում էր աղավնու։

Երբ մեծ եղբորս երեխա էր ծնվում, գրկում էր, սիրում, վեր֊վեր թռցնում և ասում․

— Ձագո՛ւկս, աղվընիկի կըլմանիս։

Իսկ երբ բաղնիքում մի սիրուն, ջահել աղջիկ էր տեսնում, ասում էր․

— Լուսինկայի պես մարմին ունի, թամամ ճերմակ աղավնիկ։

Ես հրճվում էի, որ մայրս այդպես բարձր էր գնահատում աղավնիները, տխրում էի, որ սարսափից խաչակնքում էր։

Ինձ այրում էր մի տենչանք՝ ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ և դառնայի աղվընիկ խաղցնող։

Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։