Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 147.jpg

Այս էջը սրբագրված է

մի օր անցնի և պատահարը դառնա պատմություն, գալիս, կանգնում էր հաղթանակող աղավնու տիրոջ տան շեմքին։

Փայլում էր դանակը։

Հավաքվում էր աղվընիկ խաղցնողների և աղավնու սիրահարների խումբը, բաժանվում երկու մասի։

— Խարդախությամբ տարավ աղվընիկս, — գոչում էր պարտվողը։

Ի՞նչ խարդախություն կարող էր լինել անմեղ թռչունների սիրային պայքարում, այն էլ օդում։

— Ետ տի տաս աղվընիկս, չէ նե․․․ — և ցույց էր տալիս դանակը։

Հաղթանակող աղավնու տերը, շողացնելով մի ուրիշ դանակ, հայտարարում էր․

— Ուր կուզես նե գնա, չիմ տար, էրիկ մարդ ես՝ դիմացի՛ր։

Դանակները զարկվում էին իրար, նրանց զիլ և սուր զրնգոցը ճեղքում էր օդը — իրարանցում, խռնվում, քաշքշոց, շորերի պատառոտում, կանանց և երեխաներրի լաց և․․․ հոսում էր արյունը մեկնումեկից։

Եթե պարտվող աղավնու տերն էր արյուն թափողը, ամիսներով նրան չէր կարելի տեսնել քաղաքի փողոցներում։ Նա փակվում էր տանը, լուսամուտների վարագույրները քաշում։

— Կնկանը վարտիքն է մտեր, դուրս չելլեր, — ասում էին նրա հակառակորդները։

Իսկ եթե հաղթանակող աղավնու տերն էր արյուն թափողը, վերքը կապելուց հետո դուրս էր գալիս փողոց, գլուխը բարձր բռնած, ֆեսը հասցրած մինչև հոնքերը և ծոպն առաջը — ամենագոռոզ և ամենալկտի ֆես դնելու ձևը — քայլում էր ոչ ոքին չբարևելով, ոչ ոքի երեսին մտիկ չտալով։ Ռազմի դաշտից վերադարձած արյունարբու հերոսի նման։

Ահա թե ինչու ծերերն ասում էին, որ աղվընիկն անմեղ է, բայց մահ է, աղավնու կաթնագույն թևերի տակ արյուն կար և մահ։

Բայց այդ զարհուրանքից և արյունից հետո էլ իմ հոգին ձգտում էր դեպի աղավնիները։

Երբ փողոցում դանակներ էին շողում և ատելությամբ զարկվում իրար, վերևում, պաղպաջուն և կապույտ երկնքում, աղավնիները շարունակում էին ճախրել ու դառնալ իրենց անմեղության պարը։