Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 148.jpg

Այս էջը սրբագրված է



Ի՞նչ կապ ունեին աղավնիները մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին ալիքներում, ինչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան հանցանքր փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկը հմայվում էր մյուսից, հանձնվում էր նրան, հետևում էր, գալիս, իջնում էր նրա տաքուկ բույնը, ամբողջ գիշերն քչքչում, կտուցը կտուցին զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։


***

Մեր հարևան աղվընիկ խաղցնող Ակոբն արհեստով սափրիչ էր։

Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրում։ Գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներն էր թռցնում, ետ կանչում, նորից բաց թողնում, հետևում յուրաքանչյուր աղավնու թռիչքին, հետևում սրտատրոփ և հափշտակված։

Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց սակավաթիվ հաճախորդներ ուներ, որովհետև հաճախորդ վաստակելու ջանք չէր թափում։

Մենք՝ մանուկներս, գնում էինք նրա կրպակը։ Ակոբը գործի վրա է, սապնել է հաճախորդի երեսը, սպիտակ փրփուրով լցրել, միայն քիթն ու աչքերն են ազատ։ Ակոբը հենց փորձում է ածելին սրել կաշվի վրա, որպեսզի սկսի սափրել, մենք սկսում ենք խոսել քաղաքում մի որևէ անուն հանած աղավնու մասին։

— Կըսեն քի՝ Պեյրոսի չիլը երկու ձագ հաներ է, —ասում է մեզանից մեկը և գաղտագողի ժպտում։

Մենք միայն իրար հետ ենք խոսում և իբր թե սպասում ենք մազերնիս խուզելու, բայց Ակոբը չի դիմանում, թողնում է հաճախորդին և մոտենում է մեզ.

— Ուրկե՞ լսեցիք, վո՞վ ըսավ,— հարցնում է անձկագին։

— Մինասն ըսավ։

— Չէ՜, ջանը՜մ։

— Հա, իրավ է, երկու ձագ։

— Մինասը սուտ կը խոսա…