Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 153.jpg

Այս էջը սրբագրված է

գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռանում էր, որ հաճախորդը սպասում է։

Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր լինում, մարդիկ նրա մորը, կամ եթե մեծ քույր ուներ՝ մեծ քրոջը, իսկ եթե որևէ հարազատ չունենար՝ իրեն էին հայհոյում։

Ակոբի աղջիկը մեծացել էր, մազերը հասել էին մինչև սրունքները, թշերն ու շրթունքները նռան նման կարմրել։

Էլ մոռացան նրա կնոջը և սկսեցին հայհոյել աղջկան։

Ակոբի կինն ավելի ընկավ ամուսնու ետևից․

— Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա, մեղք է աղջիկդ։ Աստվա՛ծ, աղջիկ զավակ չունենայի, մուրայի ու ապրեի։

Մոր համար, մեծ, անլուծելի պրոբլեմ էր՝ հասած աղջիկը տանը։

Իհարկե, աղջկան ուզողներ կային, բայց բոլորն աղվընիկ խաղցնողներ էին։

Թե՛ Ակոբը և թե՛ նրա կինը երդվել էին, որ իրենց աղջկան աղվընիկ խաղցնողի չտային։

— Վո՜ւյ, ձյունը մաղվի գլխիս, աղջիկս աղվընիկ խաղցնողի՞ն տամ։

Անդուլ ու անդադար կինը կրկնում էր․

— Աղվընիկները թող կըսիմ, հերիք է, սաղ քաղաքն աղջիկ զավկիդ կը քֆրե։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել ողջ քաղաքի բերանը։

— Ես ալ բյութունին կնիկներն ու աղջիկները․․․— փոխադարձ հայհոյում էր Ակոբը ու իրան մխիթարում։

Ժամանակի ընթացքում Ակոբն ինքն էլ զգաց, որ փոխադարձ հայհոյանքը ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը։

Արդեն խեղճ աղջկան հասել էր կյանքի խոշորագույն հարվածր՝ կիսատ էր թողել դպրոցը, որովհետև մինչև անգամ ուսուցիչները նրան «աղվընիկ խաղցնողի աղջիկ» էին կանչում։

Հենց որ դասը մի քիչ վատ իմանար, ասում էին․

— Հը, հարդ աղվընիկ կխաղցնե՞։