Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 154.jpg

Այս էջը սրբագրված է



Ի՞նչ կապ կար աղվընիկ խաղցնելու և դասի միջև, բայց ասում էին, անդադար կրկնում։

Ակոբը միտք արավ, միտք արավ և գտավ ճարը։

Մորուք թողեց։

Առհասարակ կռվի ժամանակ, երբ կռվողը մորուք էր ունենում, կնոջը կամ մորը չէին հայհոյում, հայհոյում էին մորուքին։

Ակոբն էլ մորուք թողեց, որ մորուքին հայհոյեն։

Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը։

Մինչև անգամ ծաղրում էր ամուսնու մորուքը։

— Գլխուս տերտեր դարձավ,— ասում էր։

Նա էլի հետապնդում էր, որ իբրև հայր մտածի աղջիկ զավակի բախտի և պատվի մասին։

— Ի՞նչ տ՚էնես աղջիկդ, տանը թթո՞ւ տի դնես,— մի օր հարց տվեց կինը։

Ակոբը պատասխանեց․

— Շատ մի վռվռա, իշտե մորուք թողուցի։

Իհարկե, մորուքն էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային անմեղ աղջկան, նրանք շարունակեցին հայհոյել, երբ տեսնում էին հորը՝ կտուրի վրա աղվընիկ թռցնելիս։

— Վա՛յ քու աղջկանդ․․․

Ակոբն իջնում էր կտուրից, տեսնում էր աղջկան՝ աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․

— Աղվընիկս, ինչո՞ւ կուլաս։

— Նորեն քֆրեցին, — պատասխանում էր աղջիկն արցունքների միջից։

Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։


***

Տան եկամուտը հետզհետե պակասեց։ Խանութից ոչ մի հույս չկար։ Շաբաթական մեկ֊երկու օրը հազիվ էր բաց անում, միայն պատահական հաճախորդներ ընդունում։

Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը։

Հինգ կարմիր ոսկով նա ծախեց իր լավագույն «ճինս» աղավնիներից մի զույգ։

Այդ մի զույգ աղավնին նրա ամբողջ սիրտն էր, բայց