Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 157.jpg

Այս էջը սրբագրված է



Եվ էլի հայհոյեցին անմեղ աղջկան։

— Վա՛յ, ես քու աղջկանդ․․․

Իսկ աղվընիկ խաղցնողը, արյունոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկանը աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց․

— Իմ ճերմակ աղվընիկս․․․ իմ բյութուն աղվընիկնեըս քըզի ղուրբան կէնիմ․․․

Ներքևում այղ ալեխառն գլխով մանուկը լաց էր լինում, թափում էր կոպերն այրող արցունքներ։

Իսկ երկնքից մաղում էր մանիշակագույն մոխիր աշխարհի վրա։


Ի

Վերջի՜ն, վերջի՜ն անգամ իմ քայլերս ուղղվում են դեպի գերեզմանատուն, վերջին այցը տալու իմ հոր շիրմին։

Ինչքա՜ն է աճել այն թթենին, որ տնկել ենք մենք նրա շիրմի գլխավերևում։

Ուզում եմ խոսել հորս հետ։ Նա կանգնած է իմ առաջ իր բարձր հասակով։ Տխուր է, տխու՜ր, ինչպես մի մենավոր ծառ ամայի հովտում։ Լռություն, անսահմա՜ն լռություն․․․

Նայում եմ թթենուն, աչքերս խորասուզվում են դեպի նրա արմատները, որոնք բյուրավոր մազմզուկներով մտել են հորս գանգի մեջ և կերել ամբողջ ուղեղը, ահա բերանից ու աչքերից ներս են խուժում ծարավ թելիկները դեպի գանգի խոռոչը։

Թթի այն հատիկը, որ լեցուն է քաղցրությամբ, վերցրել է իր հյութը հորս գանգից և սրտից․․․

Թթենին՝ նա իմ հայրն է ճյուղավորված և կանաչած։ Քամին երգում է նրա տերևների մեջ։ Ո՛չ թե հայրս է լսում այդ երգը, այլ ինքն է երգում իր տերևներով։ Թթենու, ստվերները գրկում են ինձ՝ հորս թևերն են փաթաթվում ինձ ու բարձրացնում վեր։

Հա՜յր, դու գրկում ես ինձ մահվան ջերմաջերմ քո թևերով, և քամին երգում է․․․

Ես լսել եմ քամու այդ երգը, լսել եմ իմ սրտում, երբ կարոտով,