Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 158.jpg

Այս էջը սրբագրված է

կարոտով, կարոտով երազել եմ քեզ, հա՜յր, դա քո արյան երգն է, որ կարկաչում է իմ երակներում, դա այն երգն է, որ արևն է երգում, երգում է յուրաքանչյուր փոքրիկ խոտ, երգում է լուսնի ամեն մի արծաթյա շող, որ թափառում է մեր պարտեզի վարդերի կածաններում։

Ե՜րգ, երգ անվերջանալի և հավիտենապես սարսռուն, երգ, որ կաթում է երկնքի մանիշակների բաժակներից, կաթում է արևագույն հողի մեջ և նորից բարձրանում վեր իբրև ծաղիկ և իբրև տերև, երգ, որ վազում է գարնան հեղեղների հետ, գետի ալիքներով, երգ, որ փռվում է անսահման ծովերի վրա իբրև կապույտ անդորր։

Համբուրում եմ շիրիմը, փաթաթվում եմ թթենու բունին՝ ահա փաթաթվում եմ հորս մեջքին։

Քամին երգում է, թթենու տերևները սվսվում են։

Անվախճան երգ, անվախճան կյանք, անվախճան մահ, անվերջ թախիծ և անվերջ խնդությու՜ն․․․


***

Վերջին անգամ երևում է քաղաքն իբրև ոսկյա մի ծառ լեռների կապույտ ծոցում։

Ճամփորդությո՜ւն․․․

Կառքը սլանում է հին հռովմեական ճանապարհով դեպի ծովը, դեպի Բյուզանդիոն և Հռովմ։

Առավոտ։ Ձիերի սմբակները կայծեր են արձակում։

Գիշեր։ Ձիերն ուտում են, իսկ մենք, հոգնած՝ աստղերը դիտելուց, խորասուզվում ենք և քնի քնարն օրորում է մեր հոգնածությունը։

Մի առավոտ տեսնում եմ ծովը։ Ո՞ւր է ծովը և ու՞ր է երկինքը։ Սահմանագծերը գրկել են իրար։

Ծո՜վը․․․ հիշեցի հպարտությամբ, որ հայրս ինձ կանչում էր՝ «իմ ծովաչվի տղաս»։

Երկու գիշեր, և ահա կգտնեմ ինձ Պոլսում՝ իմ երազների քաղաքը։

Ես կուզեի, որ Պոլիսը լիներ այնպես, ինչպես երազել եմ։ Թերևս ավելի չքնաղ էր, քան իմ երազածը։ Ավելի չքնաղը ես չէի ցանկանա։ Ես ձգտում էի իմ երազին։