Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 20.jpg

Այս էջը սրբագրված է

կարդալ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, կարդում էր թիվ, որպեսզի «պարունակության վերահասու ըլլա» և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականություն։

Երբ տատս կենում և սպասում էր, որ վերջապես վերջանան այդ դաժան գործողությունները, պապս ասում էր․

— Գնա կերակուրդ եփե, վերջը եկո՛։

Տատս փափուկ, սպիտակ ձեռներով, փոքրիկ մի կին էր, խոշոր, սև աչքերով, միշտ ժպտուն, միշտ հեզահամբույր և չափազանց մաքրասեր։ Նրանից միշտ մենք առնում էինք մաքուր սպիտակեղենի զգլխիչ հոտը։ Խոսում էր մանտր֊մանտր, ախորժելի և խելոք։

Ամառը նա սիրում էր նստել պատշգամբր, որի առաջը փռվում էր աստիճանավոր պարտեզը, պարտեզի տակով անցնում էր անվերջ ջրվեժներով մեծ առուն։ Առուն գալիս էր բարձրից և խոր ձորերով գնում էր դեպի զմայլելի դաշտը։ Երբ ծառերի տերևները շարժվում էին, և Խուրայի սարից փչում էր զով քամին, տատս մանրիկ բերանով մրմնջում էր․

— Օ՜խ, ակդ սիրեմ։

Այս երկու հակադրություններն ինչպե՞ս էին ապրել իրար հետ ողջ 41 տարի․ ահա այն դարավոր զազիր օրենքի գաղտնիքը, որ հրամայում է՝ «Կին, եղի՛ր հնազանդ քո ամուսնուն»։

Մի գիշեր պապս երազ էր տեսել, որ մառանի հատակին, մի արշին խորության, ապուպապերից թաղված է եղել մի կճուճ լիքը ոսկի։ Այդ երազից հետո զաթնեց և զարթեցրեց բոլորիս ու կարգադրեց, որ մառանի ճիշտ մեջտեղը փորենք։ Սկսեցինք փորել սարսափելի կարծր հատակը, և իսկապես մոտավորապես մի արշին խորությունից երևաց կճուճը։ Հենց որ պապս կճուճը տեսավ, ուրախությունից ուշաթափվեց։ Տասը հոգով հազիվ կարողացանք նրան բարձրացնել վերի հարկի ննջասենյակը։ Հիշում եմ, մի թևը ես էի բռնել, որպեսզի կախ չընկնի, և այդ թևն անգամ ծանր էր ինձ համար։ Առավոտյան ուշքի եկավ։ Ուշքի գալուն պեսճ կճուճն ուզեց։ Բերին։ Կճուճը բոլորովին դատարկ էր։ Երբ տեսավ, որ դատարկ է, նորից ուշաթափվեց, և այս անգամ տևեց երկար։