Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 27.jpg

Այս էջը սրբագրված է



Օղաբերը զայրացավ։ Սա էլ մեղմ կանանցից չէր։

Սկսեցին իրարու խոսքեր կանչել— գնա, չեմ գնա, դուն ո՞ր շուն ես, հալա կհաչես— դիպան իրար։

Օղաբերի ազգականները հավաքվեցին, բացվեց տրագիկոմեդիայի վարագույրը։

Օղաբերը և նրա մի քանի ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի ծանր թասերը փաթաթեցին մեջը և հորաքրոջս ձգեցին մեջտեղը։

Ճարպոտ կանաց ծծերը, կատաղած փոքրիկ շների գլուխների նման սկսեցին վեր֊վար ելնել և իջնել։

Մեկի ոտը սլլաց, ամբողջ հասակովը փռվեց սալահատակին, մսերը ճխլվեցին, բայց ոտի կանգնեց ավելի կատաղած։

Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր բաղնիսի աթոռով, խփում էր ծնկներին և ոտի ոսկորներին։ Հարված ուտողներն աղիողորմ ճչում էին և ուշաթափվում։ Վերջին ճիգով հորաքույրս նետեց աթոռը, ճեղքեց Օղաբերի ծծերից մեկը և ինքն էլ ուշաթափվեց։ Մայրս վրա պրծավ և դադարեցրեց կռիվը։ Ես շուտով հագնվեցի, որ գնամ և կառք բերեմ հորաքրոջս տուն փոխադրելու համար։


Ե

Մեր տան գլխավոր ծառայի անունը Գրիգոր էր, բայց մենք կարճ՝ Գոգո էինք կանչում։

Գոգոն տնից դուրս, հարևանների համար, մեր տան ծառան էր, բայց իսկապես նա մեր տան դիրեկտորն էր, ինչպես հայրս էր ասում։

Գոգոն միջահասակ մի մարդ էր, կարմրած աչքերով, լայն, հզոր ուսերով, խոշոր ոտներով, ծանրաշարժ, ֆեսի բոլորտիքը մի չիթ կապած, որը ծածկում էր ճակատի կեսը։ Նա դրսից բանջարեղեն և միս էր բերում տուն, պարտեզն էր խնամում, հորից ջուր էր քաշում, բաղնիսր բոխչա էր տանում, ձմեռը տանիքից ձյունն էր թափում, աղբ բերողի հետ պայման էր կնքում, միսն էր ծեծում և այլն, և այլն։

Այս բոլորից բացի (այստեղից էլ նրա դիրեկտորի կոչումը),