Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 28.jpg

Այս էջը սրբագրված է

նա ջոկում էր կատարում տան հյուրերի մեջ։ Իր չսիրած մարդուն պարզապես նա ասում էր․

— Քու սֆաթդ ինձ շատ խոշ չի գար, այս տեղերը շատ մի քըսվռտվիր։

Հայրս նրան սաստում էր, որ իր գործերին միայն նայի և «քիթը չխոթե ուրիշի գործերուն» մեջ, բայց Գոգոն համառությամբ շարունակում էր։

Նա գտնում էր, որ դա իր գործն է։

Հայրս պատվիրում էր նրան գնալ և, օրինակի համար, կանչել Մարտիրոս էֆենդուն՝ նարդի խաղալու։ Մարտիրոս էֆենդին Գոգոյի չսիրած տիպերից էր, բայց միաժամանակ չէր ուզում, որ հորս կամքի դեմ ըմբոստացած լինի և գնում էր, գնում էր ոչ թե Մարտիրոս էֆենդուն գտնելու, այլ բազարում մի քիչ ման գալու, վերադառնալու և ասելու։

― Մարտիրոս էֆենդին տուն չէր։

Գոգոն մեր տանն ապրել էր 35 տարի։ Եվ այդ երկար ժամանակը նրան իրավունք էր ավել հսկելու այդ տանը՝ ամբողջական սրտով և հոգով։ Մեր տնից աղջիկ տանողը՝ նրան էլ պետք է հարցներ, եթե տունը նոր հարս բերեինք՝ նա էլ պետք է գնար և հավաներ։

Տան բոլոր տնտեսությունը հանձնված էր նրա խղճին և խելքին։ Ամեն քարի կտորի, տաշեղի, կարտոֆիլի և սոխի գլխի համար նա ցուցաբերում էր խորը հոգատարություն։

Մի օր Գոգոն տուն եկավ և տեսավ, որ հայրս վարպետներ է ուղարկել ամբողջ սենյակները սպիտակեցնելու համար։ Գոգոն նախ զայրացավ, որ առանց իրեն հարցնելու էր կատարվել այդ, երկրորդ նա հարցուփորձեց և գտավ, որ կարելի էր մի քիչ ավելի էժան վարձել վարպետներին։ Մի քիչ մտածելուց հետո՝ նա վճռականորեն ետ ուղարկեց վարպետներին և ուրիշներին բերեց ավելի էժան, առանց նկատի առնելու, որ հայրս պայմանավորված էր նախկին վարպետների հետ։

Գարնան, երբ կովը սկսում էր բառաչել և մինչև անգամ գիշերները չէր թույլ տալիս, որ քնենք, հայրս կանչում էր Գոգոյին և պատվիրում, որ կովի մասին մտածի։ Գոգոն ծխախոտն ախորժակով քաշում էր և պատասխանում․