Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 30.jpg

Այս էջը սրբագրված է

և վերջապես գտնում էր հանցանքի հեղինակին։ Հեղինակը գտնելուց հետո՝ գալիս էր հեղինակավոր ապտակը։

Ամեն աշնան Գոգոն գումարում էր ժողով մորս հետ՝ ձմեռվա տան պաշարը հոգալու համար։ Որքան որ մայրս պնդում էր յուղի, բրնձի կամ մի այլ կենսամթերքի այսինչ չափը քիչ է, Գոգոն պնդում էր իր ասածի չափի վրա․

— Հարկավոր է խնայողություն, խանըմ։

Եվ անպայման անցնում էր Գոգոյի տեսակետը։


***

Գոգոն ամուսնացած էր, բայց կինը մեր տան մեջ չէր ապրում։ Կինն ապրում էր գյուղում, որովհետև այնտեղ ուներ մի փոքրիկ տնտեսություն։ Տարին մի կամ երկու անգամ նա գալիս էր գյուղից, և նրան տեսնում էին միայն մայրս ու տան փոքրերը, ոչ հորս էր երևում, ոչ էլ մեծ եղբորս— ամոթ էր։ Գոգոյի կինը կարմիր֊ճակնդեղի կարմիր երեսով, կլոր, գեր և կարճահասակ մի կին էր, որին տրված հարցումներին կա՛մ գլխի շարժումով էր պատասխանում և կամ միավանկով։ Գոգոն մեր տան մեջ գրեթե հետը չէր խոսում, միայն պաշտոնական հարցեր էր տալիս— գլխավորապես տան և տնտեսության մասին— և ապա լռում։ Ավելորդ խոսակցություն անելը համարվում էր ամոթ։

Պատահում էր (երբ կինը գյուղումն էր լինում), որ Գոգոն սկսում էր առանց պատճառի ջղայնանալ— գոռում էր, ամաններ էր կոտրատում, կովին քացի էր տալիս և այլն։ Հայրս այդ ժամանակները կանչում էր մորս և նրա հետ մի փոքրիկ խոսակցություն էր ունենում այդ մասին։

— Մարգրիտ,— ասում էր հայրս,— էդ մարդը նորեն կատղեր է, աչքերը չաթալ կտեսնեն կոր, գեղ ուղարկե՛, երթա, հանգստանա, գա։

Մայրս համաձայնում էր հորս հետ, և հաջորդ օրր Գոգոն նստում էր էշը և գնում գյուղ մի քանի օրով։ Եվ վերադառնում էր Գոգոն աչքերի բոլորովին այլ արտահայտությրւններով, մեղմացած, ժպտուն, բարյացակամ, եթե ամբողջ գիշերը լույսը վառ պահեինք՝ չէր նեղանա, մինչև անգամ փոքրիկներիս