Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 32.jpg

Այս էջը սրբագրված է

մնաց ոտներիս տակը, բայց անկարելի էր ցած իջնել, որովհետև եթե երկաթը թողնեի, եռոտանին պետք էր կործանվեր։ Սկսեցի ճչալ ահ ու սարսափով։ Գոգոն, լսելով աղիողորմ ճչոցս, անմիջապես վազեց վեր և շուտափույթ ըմբռնելով կացությունը, բռնեց եռոտանին ու ես, առանց վախի, սկսեցի ցած իջնել։

Հատակին հասա չհասա, Գոգոն ապտակ տվեց երեսիս և՝

— Չանգալը չի ձգած ինչո՞ւ ես վեր ելեր․․․

Ես գոհ մնացի այդ ապտակից։

Երեկոյան հայրս ինձ նստեցրեց իր ծնկանը և շոյելով ոսկեգույն մազերս՝ հարցրեց․

— Ինչո՞ւ էիր վեր ելեր։

Հորս փայփայանքից ոգևորված՝ անկեղծորեն ասացի նպատակս։ Հայրս կուշտ ծիծաղեց և բոլորի ներկայության հայտարարեց․

— Իմ բյություն հարստությունն իմ պստիկ յավրուինս է, իսկ աս տունը, իմ մահես վերջը, բոլորիդ կըսեմ, կուտաք այս յավրուիս։

Հորս մահից տարիներ հետո, երբ հարկ եղավ հորս հարստությունը բաժանել, իմ բացակայության, մայրս առաջարկել էր, որ այդ տունը, առանց որևէ վիճակ ձգելու և վեճի, ինձ տրվի՝ հարգելու համար հորս ասած ամեն մի խոսքը, թեկուզ այն ժամանակ կատակով ասած։

Այդ տունը ես ժառանգեցի, որի ոչ մի արձանագրության մեջ իմ անունս չկար։


***

Հորս մահից հետո Գոգոն ավելի անսահման, ավելի միստիկական սիրով կապվեց մեր տանը, բայց միաժամանակ փոխվեցին հարաբերությունները։ Մորս և Գոգոյի հարաբերությունները մնացին նույնը, բայց եղբայրներիս և Գոգոյի՝ հիմնովին փոխվեցին։ Բացի մեծ եղբորիցս, մյուս եղբայրներիս քթի տակն էլ սկսեցին սևին տալ և ավելի խորը զգացին, որ «ժառանգորդք են տանս այսորիկ»։ Նրանք սկսեցին ըմբոստության նշաններ ցույց տալ Գոգոյի բռնապետության դեմ, սկսեցին ծաղրել նրա դիրեկտորությունը, բայց Գոգոն երկար ժամանակ