Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 41.jpg

Այս էջը սրբագրված է

ձիուն։ Պատասխան ստացվեց, որ անասնաբույժը համաձայնել է և երկու օրից մեկնելու է Սեբաստիայից։

Հակոբն այդ հեռագիրը կարդալիս՝ ցավագին ժպտում էր և արցունքներ թափում։

Մայրս փաթաթվեց իր հերկուլեսյան որդու վզին, սրբեց նրա արցունքները և շշնջաց․

— Դոքտո՞րը կուգա, կաղեկցնե, չաղեկցնե ըլ, հայրդ Դիարբեքիրեն դահա աղվորը բերել կուտա, մի՛ լար, յավրուս։

— Մարա՜նս, Մարա՜նս, — մրմնջում էր Հակոբը և համբուրում մորս, լաց լինում, կոպերից կախում աստղանման արցունքի կաթիլներ։

Շատերն ասացին, որ աչքով են տվել։ Մայրս բաց արավ սնդուկը, դուրս բերեց մի խոշոր փիրուզ և կախեց Մարանի վզից։

Անասնաբույժն ուշանում էր, պիտի գար կառքով, ութն օրվա ճանապարհ էր լավագույն դեպքում։

Եվ Մարանը մի առավոտ մեռավ։

Բոլորս էլ հավաքվել էինք Հակոբի շուրջը, որ արցունքի կաթիլներով շաղախված խոսքերով պատմում էր Մարանի կյանքը, պատմում էր մինչև անգամ, թե մի օր ինչ խոսակցություն են ունեցել իրար հետ և Մարանն ինչ է ասել։

Եթե պատահած եղելության անծանոթ մի մարդ ներս մտներ և լսեր Հակոբին, երբեք չէր կարող գուշակել, որ խոսքը և ողբը վերաբերում էին մի անասունի։

Հակոբի անկողինը մայրս կարգադրեց, որ փոխադրեն իր ննջարանը։ Հայրս և մայրս, մոռացած ամբողջ տունը, իրենց ամբողջ գուրգուրանքը թափում էին Հակոբի վրա, որպեսզի մոռանա, գեթ մեղմանա նրա վիշտը՝ կորցրած ընկերոջ համար։

Հայրս և մայրս չափազանց սիրում էին Հակոբին, ոչ միայն նրա համար, որ իրենց անդրանիկ որդին էր, այլ նրա համար, որ հասակով նրանք Հակոբից շատ տարբերություն չունեին։

Հայրս 13 տարով մեծ էր Հակոբից, իսկ հայրս՝ 17 տարով։ Մայրս դեռևս եղել էր մանուկ, երբ առաջին անգամ զգացել