Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 45.jpg

Այս էջը սրբագրված է



Մայրս հուսահատվեց, որ կարող պիտի լիներ գտնելու այն տիպարը, որ գոյություն ուներ հորս մտապատկերում, բայց իրականության մեջ գոյություն չուներ։

— Ես աղջիկ չեմ ուզեր, արձան կուզիմ, ― հայտարարեց հայրս։

Անցավ մի ամիս ևս։ Մայրս այլևս այդ մասին չէր խոսում։

Մի օր հայրս թե՝

— Հը՞, Մարգրիտ, աղջիկ գտա՞ր։

— Դուն հրեշտակ կուզիս, աշխարքի մեջ հրեշտակ կա՞։

— Հա, հրեշտակ կուզիմ, բերանդ պագնիմ, աղեկ ըսիր, հրեշտակ կուզիմ։

— Հրեշտակ չիկա։

— Կա, — վճռական պատասխանեց հայրս, — հրեշտակ կա, հրեշտակն ըլ գտեր իմ։

― Վո՞վ,

— Գրիգոր աղային աղջիկը։

— Պզտիկ է։

— Թող ըլլի, դուն տասնիրեք տարեկան էիր ծոցս մտար,— պատասխանեց հայրս։

Մայրս լռեց, ամաչեց և ապա գտավ, որ ճիշտ էր ասում հայրս։

Ի վերջո մայրս հարցրեց․

— Կուտա՞ն։

Արդեն այստեղ վիրավորվեց հորս արիստոկրատիզմը։

— Ես ուզեմ, թող չիտան, — աղջիկը տասնիրեք, տղան՝ տասնութը, ինչո՞ւ չպիտի տան։

— Ասլանի պես ըլ տղա, — ավելացրեց մայրս։

Գրիգոր աղայի աղջիկը՝ Եղիսաբեթը, իսկապես գեղեցիկ էր, հորս մտապատկերում գոյություն ունեցող աղջիկն էր, նա նման էր Միլոսյան Վեներային, ավելացրած նրա վարդագույն մարմինը և կոկորդի վրա մի սև խալ, թռչկոտուն և կարկաչուն մի աղջիկ, որի մասին երբ մայրս հայտնել էր Հակոբին, Հակոբը ժպտացել և փաթաթվել էր մորս։

Մի երեկո հայրս և մայրս գնացին Գրիգոր աղայի մոտ և երկար֊բարակ ուրիշ խնդիրն երի մասին խոսելուց հետո՝ խոսք էին բաց արել Եղիսաբեթի մասին։