Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 47.jpg

Այս էջը սրբագրված է

չգա։ Մայրս համաձայնեց, բայց պսակից հետո ընդունեց քահանային՝ հորիցս գաղտնի, բոլորին պատվիրեց, որ նրան չասեն, պատվեց, կերակրեց, խմցրեց, վարձատրեց և ճանապարհ դրեց։ Թերևս հայրս գուշակում էր, որ մայրս այդպիսի բան կարող էր անել, բայց վրա չընկավ, քանի որ իրենից գաղտնի էր տեղի ունենում, և իր կամքը ձևականորեն կատարվում էր։

Մի նոր ուրախություն ծագեց մեր տանը Եղիսաբեթի երևալով։ Փոքր էր Եղիսաբեթը, թոփ էր խաղում մեզ հետ, այգում վազվզում, ավազանում լողանում։ Երբ Հակոբը գալիս էր տուն, գրկում էր նրան իր հզոր թևերի մեջ, բարձրացնում վեր և տանում սենյակ, ճանապարհին համբուրելով և ասելով՝

— Մարա՛նս, իմ աղվո՜ր Մարանս։


***

Գևորգին՝ Հակոբից փոքր եղբորս, ես միշտ հիշում եմ անհուն բերկրանքով, որովհետև նա մեր տան գրեթե միակ անդամն էր, որ ազատ էր ջղայնությունից։ Ամեն մի բարկություն նա հավասարեցնում էր բացարձակ զրոյի։ Պատահում էր, որ մեկնումեկը լցվում էր նսեմ զայրույթով՝ աչքեր էին փայլատակում, բարձրանում էր որոտ, որ ո՛չ թե գալիս էր երկնքից, այլ սենյակի հատակից դեպի առաստաղը, գործը հասնում էր Գևորգին, մի մեղմ ժպիտ, մի հյութալի կատակ, մի չվիրավորող հեգնություն, և նսեմ զայրույթը փոխվում էր վսեմ հանգստության։ Պատահում էր, որ աչքերի փայլատակումին հաջորդում էր դանակի փայլատակում․ այդ երկու փայլակներին ընդառաջ էր գնում նա սրերից ավելի հզոր կատակով, և տիրում էր խորին խաղաղություն։

Այն օրերից մինչև հիմա էլ ես հիանում եմ նրանով, նրա հզոր ջղերի կարգ ու սարքով, և եկել եմ այն վերջնական եզրակացության, որ մարդիկ հիանում են իրենց չունեցած հատկություններով։

Գևորգը մեծ կրքեր չուներ։ Նրա ամենամեծ կիրքը չամիչն էր։ Նա սիրում էր չամիչ։ Չամիչը՝ դա ուտելիք չէր նրա համար, այլ մի ուրիշ բան։ Սակավակեր, ընտրությամբ ուտող,