Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 49.jpg

Այս էջը սրբագրված է

ինչպես պատմում էին, հորդահոս արիությամբ, բուռն թափով և եղերական կերպով։

Նրա դեմքի վրա ապրում էին երկու արտահայտություն՝ մանկական ժպիտ և գազանի մռայլություն։

Ես հիանում էի Գևորգի կայուն ջղերով, բայց իմ մարմնի և հոգու բոլոր թելերով ձգտում էի դեպի Լոլոյի ծայրահեղությունները։

Սիրում էի, երբ Լոլոն մի տեղ էր գնում և վերադարձին պատմում․

— Գացինք ձորը, արև֊մարև կորսվեցավ, սկսեցավ կարկուտ, ամեն մեկը գլխուս չափ․․․

Հետագայում, կյանքի բովում, նա իր ներքին թափի համապատասխան միայն մի բան գտավ այս աշխարհում՝ Նյու֊Յորքի, արևմուտքի այդ ահարկու քաղաքի, բիրժան։ Մտավ նա այդ բիրժան ֆինանսական մոլուցքով, թավալվեց այդ բիրժայի վերիվայրումներում, բարձրացավ և ընկավ, ապրեց կյանքի զարհուրելի րոպեներ, մի օր՝ միլիոններ, մյուս օր՝ սենտերի կարոտ, բայց խելահեղորեն առնական, միշտ նոր և ահեղ թափով։ Ոչ մի բան այս աշխարհում նրան չկարողացավ վախեցնել, որի դեմ նա ցցում էր իր սև թարթիչները և այդ թարթիչների արանքներից նայում հեռուն։

Նա ինձ դիմավորեց Նյու֊Ցորքի առաջ ֆրանսական «Լա Տուրեն» շոգենավում։

— Մայրիկը ինտո՞ր է, — հարցրեց։

— Աղեկ է, ամա որ քեզ ու Գևորգը կհիշե՝ կուլա,— պատասխանեցի։

Ես տեսա, որ Լոլոյի պայծառ աչքերը թացացել էին արցունքի տեղատարափով։

Ձեռքիցս բռնեց, և միասին մտանք Ամերիկայի ցամաքը։

Այդ գիշեր Լոլոն ինձ ցույց տվեց Նյու֊Յորքը։

— Կտեսնա՞ս այս քաղաքը, մեծ է, հա՜, աղեկ է, պզտլիկ չէ, աս երկրեն անդին ա՛լ երկիր չիկա, ինչ որ տի սովրիս, աստեղ տի սովրիս, հայդե՛, բոյդ տեսնամ, ծո՛։

Այդ ժամանակ նա ձեռքում ուներ երկաթուղային ակցիաներ։

Ես Լոլոյի նման չմտա բիրժան, այլ մտա գրքերի աշխարհը, բայց մտա նույն թափով և կրքով, ինչ թափով և կրքով Լոլոն մտել էր բիրժան։