Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 65.jpg

Այս էջը սրբագրված է

և շատ հազվադեպորեն՝ խաշած մի ձու, և երբ չոր հացը համառում էր գլորվել կոկորդից ներքև, երկարում էին և պառկելով կրծքի վրա՝ խմում էին առվի սառը ջրից ու կախ ընկած ցնցոտու մի կտորով սրբում ջրի մեջ թաթախված բեղը։

Երեկոյան, վերջալույսին, երբ արդեն ծառերի ստվերներն այնքան էին երկարած լինում, որ խառնվում էին արդեն գետնից բարձրացող մութի թևերի հետ, նրանք թողնում էին բահերը և իրենց հացի տոպրակներն առած՝ քայլում էին դեպի տուն։

Հոգնությունը նրանց դեմքի, ձեռքերի, բաց կրծքերի և բոբիկ ոտների վրա այնպես էր երևում, կարծես հոգնությունը ներկ լիներ քսած նրանց մարմնի վրա։

Հոգնությու՜ն․․․

Ամբողջ աշխարհը խնդությամբ ողջունում էր նոր ծագող արևը, բայց մշակներն ավելի խորը խնդությամբ, քան ամբողջ աշխարհը, ողջունում էին վերջալույսը, ողջունում էին նրանք մռայլաթև մութը արևային խնդությամբ, որովհետև մութը բերում էր նրանց տառապանքի թեթևացում, հանգիստ, անսահմանորեն խո՜րը հանգիստ։

Եվ երբ ես տեսնում էի նրանց բահերը պատն ի վեր տնկված՝ ինձ թվում էր, որ բահերն էլ հոգնել են և քնում են։ Պատահում էր երբեմն, որ բահերից մեկը կամ երկուսը թողնված էին լինում հողի մեջ— հենց խրած և էլ չքաշած—ինձ թվում էր, որ այդ բահերը դեռևս շարունակում են աշխատանքը՝ հոգնած և ուժասպառ։

Այնքան բարի մայրս չէր մտածում նրանց մասին․ այն կինը, որ ամեն կիրակի աղքատներ էր բերում տուն և նրանց հետ ճաշի նստում, մի քանի ընտանիքների դրամական օգնություն էր անում, լաց էր լինում, լաց էր լինում, երբ տեսնում էր քաղցածներ, բայց գտնում էր, որ մշակները պետք է աշխատանքը սկսեն արևածագին և վերջացնեն արևմարին։

Նրանց հոգնածությունը նշմարվում էր և նրանց կռնակներից՝ առանց բեռի, բայց կարծես ահավոր բեռան տակ կքած էին, հոգնածությունը մանավանդ երևում էր նրանց աչքերի մեջ և ձեռների վրա։