Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 69.jpg

Այս էջը սրբագրված է

վրա։ Յուրաքանչյուրն աշխատում էր գրկել նրան, որպեսզի մյուսը չդիպչի։

— Դուն պղծեր ես իմ օրորոցը, — մռմռաց Հրաչը։

— Ո՞վ ես դուն, չեմ ճանչնար, Վերոնն իմս է, — բղավեց Վահրամը։

— Տեսնենք թե որո՞ւնը կըլլի, — պատասխանեց Հրաչը։

Եվ նրանք քաշքշեցին աղջկան, բռնեցին նրա կոկորդից, քաշքշեցին անգութ սիրով․ զգացին, որ Վերոնիկան թակարդն ընկած թռչունի նման թպրտաց, խեղդվելու ձայներ հանեց և թուլացավ, շարունակեցին կատաղած պատանիները գրավումի պայքարը, մինչև զգացին, որ իրենց սիրածը չկա և այլևս չարժե կռվել դիակի շուրջը, այն ժամանակ նրանք սկսեցին իրար սպանելու ահավոր փորձը։

Վահրամը մատը կոխեց Հրաչի բերանը և սկսեց քաշել իր բոլոր ուժով, որպեսզի պատռի և այլանդակի նրան, իսկ Հրաչը ցավից ցնցվեց և այնպես սեղմեց ատամները, որ Վահրամի մատների ոսկորները ճռճռացին, և Վահրամը ճչաց, ճչաց հոգեվարքի մեջ եղող անասունի նման։

Այդ ճչոցից էր, որ պատանիների մայրը վազեց ներքնահարկը, գտավ Վերոնիկային խողխողված, հոշոտված, իսկ երկու պատանիներին՝ անտառային գազանների զարհուրելի պայքարում։

— Հասե՜ք, հասե՜ք, թե՜զ հասեք, իրար կուտե՜ն, մեռցուցի՜ն, մեռցուցի՜ն․․․

Ոճրի վայրն առաջինը հասավ մեծ եղբայրս։

Զարհուրելի լուրը տարածվեց մի ակնթարթում ամբողջ քաղաքում։

Հանկարծ փողոցի վերից լսվեց մի ուրիշ մոր սրտակեղեք շիվանը, տարածուն, համայնական շիվան, որ որքան մոտենում էր, այնքան խորանում, բզկտում, խոշտանգում լսողների ականջը։

— Յավրո՜ւս, յավրո՜ւս, կանաչ֊արև իմ յավրո՜ւս,― աղաղակում էր, սրտահոշոտում Վերոնիկայի մայրը, մայրն այն աղջկա, որ չկար, որի թշերը քիչ առաջ այնքան կարմիր էին, որ ամենափոքրիկ սեղմումից կարող էին կաթիլ֊կաթիլ արյուն հոսել։