Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 70.jpg

Այս էջը սրբագրված է



Վերոնիկայի դիակը վեր բերողները դիմավորեցին նրա մորը, մայրը վազեց, գրկեց նրա դժգունած, հանգիստ, խաղաղ, լուռ գլուխը և սկսեց սիրող մոր անզուսպ ողբը։

Վահրամն ու Հրաչը նայում էին իրար դեղին աչքերով, սղմում էին իրենց ատամները, և միայն շրջապատող տղամարդկանց ֆիզիկական ուժը կանգնեցրեց նրանց իրար հոշոտելուց։

Տարան Վերոնիկայի դիակը տուն, նա վերադարձավ տուն անփայլ աչքերով, հետզհետե մոր լացի աղաղակը մեղմացավ և ապա բոլորովին կորչեց։

Վահրամին ու Հրաչին տարան բանտ՝ շղթայակապ։

Մարդիկ ցրվեցին, բարձրացան կտուրներըր, խոսեցին անվերջ ոճրի մասին, մինչև քունը դարձավ անդիմադրելի։


Ժ

Ես քաղաքում համարվում էի լավ թռուցիկ շինողներից մեկը։ Շինում էի մեծ տրամագծով, երկար պոչով, գույնզգույն և փռփռան։ Ամառ երեկոները, երբ մեր կտուրների վրայով և փողոցների միջով անցնում էր զարմանալի քնքուշ քամին, մենք բաց էինք թողնում թռուցիկները ամենաբարձր կտուրներից, երբ դեռ արևը, վիթխարի ծիրանի նման, լողում էր դիմացի սարերի կապույտ անկողնում։ Մանիշակագույն մութը բարձրանում էր դաշտից, մանիշակագույն մե՜ծ֊մե՜ծ քողեր կախվում էին և երկնքից թափվում էին աստղե՜ր, աստղե՜ր, ավելի առատ, քան որևէ երկնքում, այն ժամանակ արդեն մեր թռուցիկները սավառնում էին կապույտ եթերում գույնզգույն և մեծ լապտերներով։ Երբ կապույտը խտանում էր, թռուցիկներն այլևս չէին երևում, միայն լապտերներն էին, որ լողում էին երկնքում, երփներանգ և վառ, կարծես տեղահանված և օրորվող լուսիններ լինեին, որ թափառում էին և չէին կարող գտնել իրենց ծիրը։ Ամեն երեկո քաղաքի վրա լողում էին այսպիսի տասնյակ լուսիններ։ Պատահում էր, որ հանկարծ նրանցից մեկնումեկը այրվում էր․ ահա բոցի մի խոշոր լեզու, միայն մի պահ, և չկա։

Մի օր ես բարձրացրել էի թռուցիկը ու թելի ծայրը կապել կտուրի լողին և, անհո՜գ ու գոռո՜զ, ընկողմանել էի կտուրի