Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 71.jpg

Այս էջը սրբագրված է

մի անկյունը և դիտում էի թռուցիկիս սավառնումը։ Նա սավառնում էր ավելի բարձր, քան բոլոր կտուրներից բարձրացող թռուցիկները։ Հանկարծ նշմարեցի, որ լողը գլորվում է։ Մինչև հասա, լողն ընկավ երեք հարկանի կտուրից ներքև, ուղիղ փողոցի մայթի վրա։ Սարսափահար ես կռացա և նայեցի կտուրից ներքև՝ ստուգելու համար, թե արդյոք որևէ մեկի վրա ընկե՞լ է։ Մայթը դատարկ էր և ո՛չ ոքին չէր վնասել, բայց իմ սարսափն ավելի աճեց այն հեռապատկերից, որ կարող էր ընկնել մի մարդու վրա, սարսափն ավելի ու ավելի աճեց, երբ պատկերացրի, որ կարող էր ընկնել հորս վրա, որ առհասարակ այդ ժամին էր վերադառնում տուն։ Աչքերս մթնեցին, հազիվ կարողացա ինձ ետ քաշել քիվից և վազեցի ներքև, կտրեցի թռուցիկի թելը, սկսեցի արագ կերպով կծկել։ Թռուցիկը եկավ֊փաթաթվեց մեր տան դիմացի պարտեզի բարձր թթենուն։ Քաշեցի։ Ավելի փաթաթվեց։ Մտածում էի բարձրանալ ծառը և ազատել թռուցիկը, բայց հանկարծ հորս էշի զռոցը պայթեց փողոցում։ Քաշեցի, պոկեցի թելն ու բարձրացա հորս սենյակը և լուսամուտից սկսեցի դիտել փողոցը։ Ուզում էի իմանալ, թե հայրս պիտի նշմարի՞ լողը։ Նշմարեց և հարցրեց ծառային․

— Լողն ինչո՞ւ ընկեր է փողոցը։

Ծառան անմիջապես չկարողացավ պատասխանել, էշի սանձից բռնած՝ մոտեցավ լողին և տեսավ թռուցիկի թելի մնացորդը լողի վրա։ Ծառան անմիջապես գլխի ընկավ և բացատրեց հորս։

— Կանչե՛ քովս, տեսնամ, — պատվիրեց հայրս ծառային և վեր բարձրացավ։

Ես անմիջապես որոշեցի անելիքս. ցատկեցի լուսամուտից ներքև և անմիջապես բարձրացա այն խոշոր պահարանը, որտեղ դարսվում էին անկողինները։ Պահարանը ծածկվում էր վարագույրով։ Բարձրացա անկողինների վրա և պառկեցի, որովհետև գլուխս դիպչում էր առաստաղին։

Ծառան ամեն տեղ նայել էր և չէր գտել։ Եկավ ներս և ասաց․

—- Հաջի էֆենդի, չոջուխը չերևար։

Մայրս ներս մտավ։

Հայրս նրան հարցրեց․