Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 75.jpg

Այս էջը սրբագրված է



Բոլորս էլ կանգ առանք։

Լռությունն ավելի լռեց, երկինքն ավելի ցած իջավ։

Երկարեցինք հասկերի վրա։

Օդը ջինջ է, մաքուր, ինչպես առվակների ջրերը։

Ո՛չ մի շշուկ։ Քնող ընկերների շնչառությունն է միայն լսվում, կարծես ոսկյա հասկերն են շշնջում։

Ուզում եմ, որ ամեն ինչ կանգ առնի, ինչպես որ կա՝ երկինքն աստղերով, հողը՝ հասկերով, լռությունն իր ջինջ կապույտով։

Մի փոքրիկ ամպ, սավանի չափ, շղարշային սպիտակ, չգիտեմ որտեղից երևաց և սկսեց օրորվել մանիշակագույն մշուշում։ Օրորվեց, տարածվեց, նոսրացավ և լուծվեց, ինչպես մի երազ։ Աչքերս փակվում են, բայց ես սպասում եմ լուսաստղին։

Հանկարծ լսեցի ընկերներիս ձայնը։ Բաց արի աչքերս — արևը լողում էր հասկերի վրա։

Արևը զարթեցրեց դաշտում նոր բուրումներ, որոնք թաքնվել էին գիշերվա ծոցում։ Զարթեցին և գույները։ Զարթեցին բյուրավոր թռչունները։

Ամեն ինչ զարթեց արևի հետ։


***

Ամեն երեկո մեր տան կից Ալեք աղան դուրս էր գալիս, ձեռքերը դնում գրպանը և անշարժ նայում անցնող֊դարձողին։

Շատերը նրան բարևում էին, նա հազիվ աչքերից մեկը խուփ էր անում՝ իբրև պատասխան։

Ալեք աղան 45 տարեկան կար։ Ամուրի էր։ Բայց նրա ամուսնանալու մասին ամբողջ մեր թաղը խոսում էր։

Պատմում էին, որ քսան տարուց ի վեր ծնողներն արդեն մեռել էին, ճգնել էին ամուսնացնել նրան, բայց ոչ ոք չէր ցանկացել աղջիկ տալ։

Ալեք աղան ո՛չ խմող էր, ո՛չ բարկացող և ո՛չ էլ չքավոր։ Նրա բնավորությունը մեղմ էր։ Այդ բնավորությունը բաղդատում էին իրենց կովի հետ։

Հակառակ այդ մեղմ, կովային բնավորության, որին սիրարհար